Հայ-արգենտինական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. դեսպան
Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:
Դեսպանի խոսքերով՝ Արգենտինան համարվում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը:
«Ունենք մեծ թվով արգենտինահայ գործարարներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանում՝ դրանով նաև իրենց նպաստն են բերում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:
Ըստ նրա՝ առևտրատնտեսական հարաբերությունները բավականին հետաքրքիր դինամիկ զարգացում են ապրում, վերջին տարիներին նկատվում է զարգացման մեծ տենդենց: Նրա խոսքերով՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, աշխատանքներ են տարվում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ ավելացնելու տուրիստական փոխայցելությունները:
«Արգենտինան բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական, քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները»,- նշեց Արգենտինայի դեսպանը: