Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ընդգծել է. « Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է Ա. Հովհաննիսյանը:
Համաձայն հուշագրի, կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ, հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչների ու ծրագրերի մշակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները