Հույս ունենք՝ մեզ միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունք կտրվի. Կարեն Ասմարյան
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դասական վոլեյբոլին զուգահեռ զարգացնում է մարզաձևի նաև մյուս տարատեսակները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին պատմել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
«Հունվարին Երևանում անցկացրինք ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Այնուհետև, փետրվարին Գյումրիում կայացավ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, մրցումներ անցկացրինք նաեւ Վանաձորում: Վոլեյբոլի այս տեսակն արդեն պաշտոնապես ճանաչված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանրապետության առաջնության փուլերն անցկացնել տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչը՝ Երևանում: Պատրաստվում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է դասական վոլեյբոլին, Կ. Ասմարյանն աել է, որ մարտին կայացել է մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը, ապրիլի 18-ին մայրաքաղաքում մեկնարկում է տղամարդկանց ազգային առաջնության առաջին փուլը (5 թիմ), կանանց առաջնությունը (4 թիմ) կսկսվի մայիսի 4-ին: Այնուհետև կանցկացնեն մինչև 15 տարեկանների հանրապետության առաջնությունը:
«Հաջորդ տարի կփորձենք անցկացնել Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) մրցաշար: Կարող էինք դա այս տարի անել, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված, այն զիջեցինք Վրաստանին: Մեկ միջազգային մրցաշարը գործնականում «խժռում է» մեր գրեթե ամբողջ բյուջեն, բայց փորձում ենք զարգացնել դասական վոլեյբոլը: Մարզերում և Արցախում մրցաշարեր ենք անցկացնում, կազմակերպում ենք մարզչական սեմինարներ»,- նշել է նա:
Հարցին, թե ֆինանսական խնդիրներով պայմանավորված ավելի հեշտ է զբաղվել լողափնյա՞ վոլեյբոլով, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասել է «Այո, այդպես է: Այստեղ մեզ հագեցած միջազգային գրաֆիկ է սպասում: Հունիսի 15-18-ը Ավստրիայի Բադեն քաղաքում կմասնակցենք մինչև 22 տարեկանների (պատանիներ) Եվրոպայի առաջնությանը:
Իսկ օգոստոսի 19-20-ին առաջին անգամ կմասնակցենք վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (ՎԵԿ) II պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական առաջին փուլն է: Մրցաշարն անցկացվելու է Պյարնու քաղաքում: Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում:
Պատանիները (Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և Պորտուգալիայի իրենց հասակակիցների, աղջիկները (կազմը դեռ հայտնի չէ)՝ նույն թիմերի հետ, որոնց ավելանում է Մակեդոնիան:
Միսկարյանը և Հակոբյանը հանդես են գալու նաև օգոստոսի 24-27-ը Կազանում կայանալիք Մ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
ՎԵԿ մայրցամաքային գավաթի հետ միաժամանակ Պյարնու քաղաքում կանցկացվի EEVZA մրցաշարերից մեկը, իսկ սեպտեմբերի 8-ից 10-ը Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում կկայանա «Yerevan-Open» տղամարդկանց միջազգային մրցաշարը:
Տեղեկացնեմ, որ մայիսի 19-ից 21-ը Երևանում կանցկացվի EEVZA համաժողով, որին ներկա կգտնվեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը, նրա տեղակալները և ասոցիացիայի անդամ 10 ֆեդերացիաների ղեկավարները:
Հույս ունենք՝ մեզ միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունք կտրվի»: