Մեր կրթական ծրագրերը դառնում են ավելի ու ավելի մոտ միջազգային ստանդարտներին. Մարկարով
«Տեմպուս» ծրագրի «Մշակութային և կառուցվածքային վերափոխումների միջոցով նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը» (PICASA) նախագծի համակարգող Երևանի պետական համալսարանն այսօր կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Համալսարանի միջազգայնացում` ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով:
Գիտաժողովի շրջանակում այսօր և վաղը Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկեր հաստատությունները դասախոսներին ու ուսանողներին կծանոթացնեն ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքներին:
«Տեմպուսը» ԵՄ ծրագիր է ՝ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի ավարտական միջոցառումն է, այն տևել է մոտ երեք տարի։
«Ծրագրի նպատակն է եղել ներառել միջազգայնացման տարբեր էլեմենտները բուհական կյանքի մեջ, վերանայել միջազգայնացման ընթացակարգերը, քաղաքականությունը և միջազգայնացման նկատմամբ բուհական մոտեցումները՝ նախարարությունների մակարդակով։ Արդյունքում մենք ունեցանք միջազգայնացման դասագիրքը, որը կանոնակարգում է ընթացակարգերի, քաղաքականության ու որակի ապահովման գործընթացը միջազգայնացման ոլորտում, ինչպես նաև նախարարությունների կողմից վերանայված մոտեցումները միջազգայնացման նկատմամբ»,-ասաց Մարկարովը։
Նա միջազգայնացման մեջ առանձնացրեց այնպիսի տարրեր, ինչպիսիք են բուհական համագործակցությունը, համատեղ հետազոտությունները, դասախոսների և ուսանողների մոբիլությունը, գիտական ու կրթական ծրագրերի միջազգայնացումը։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի խոսքով՝ ծրագրի արդյունքներն արդեն նկատելի են և դրանցի մեկն էլ այն է, որ կրթական ծրագրերը դառնում են ավելի ու ավելի մոտ այն միջազգային ստանդարտներին, որոնք այսօր առկա են ու պահանջում են առանձնահատուկ գիտելիքներ ու հմտություններ ուսանողներից։
«Բուհերի շրջանում որակի ապահովումը մշտական գործընթաց է, մենք պետք է հետևենք անընդհատ ընթացքին և դրական դինամիկան պահպանելով՝ կառուցենք նաև նորը»,-հավելեց Մարկարովը։
Գիտաժողովին ներկա էին ինչպես ԵՊՀ և հայաստանյան գործընկեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, այնպես էլ օտարերկրյա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները