Չեմ կարծում՝ ինձ նշանակողները կուզենային, որ ես այդտեղ լինեի. Հասմիկ Պապյան
«Ամբողջ աշխարհում է մշակույթն անկում ապրում, որովհետև եթե կա տնտեսական ճգնաժամ, դա առաջին հերթին հարվածում է մշակույթին»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նա նշեց, որ, օրինակ, Գերմանիայի, Ավստրիայի մշակույթն այնպիսի հիմքեր ունի, որոնք հնարավոր չեն խարխլել, թեև այնտեղ կրճատվում են նվագախմբերը, ներկայացումների քանակը:
«Մեզ համար մշակույթը շատ կարևոր է, քանի որ մեր երկիրն այլ բան չունի արտահանելու, կարող ենք մշակույթով ներկայանալ աշխարհին, դրսից մարդկանց ներգրավել, այսինք խանդավառել, որպեսզի գան ու տեսնեն մեր երկիրը»,- ասաց երգչուհին:
Պատասխանելով հարցին, թե լուրեր էին շրջանառվում, որ ժամանակին դեմ չի եղել ղեկավարելու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պապյանն ասաց. «Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կյանքից հեռանալուց հետո ինձ դիմեցին օպերային թատրոնի մեներգիչները, ասացին, որ կցանկանան, որ ես լինեմ այդ պաշտոնում: Իհարկե, ասացի, որ եթե ցանկություն լինի, կարող եմ գալ՝ միայն օգնելու համար: Մեր թատրոնի ամենամեծ թերացումը խաղացանկի բացակայությունն է և թատրոնը մեր հայրենիքին ծառայեցնելու, երեխաներին, մատաղ սերնդին դաստիարակելու գերխնդիրն ունի: Այս պահին այլ մեծ խնդիր, իմ կարծիքով, չունի: Հետո պարզվեց, որ արդեն արել էին նշանակումը:
Մեզ մոտ միտում կա, որ իրենք մի տեսակ վախենում են մրցակցությունից, մարդկանցից, ովքեր կարող են բաներ փոխել, շարժել: Կոնկրետ իմ դեպքում, ես չեմ կարծում, որ իրենք՝ այսինքն ինձ նշանակողները, ովքեր որ պետք է նշանակեին, կուզենային, որ ես այդտեղ լինեի, որովհետև ես ունեմ սկզբունքներ, պահանջներ, միգուցե վախեցան, մտածեցին՝ ավելի լավ է հեռու մնալ»:
Ինչ վերաբերում է օպերային թատրոնում ենթակառուցվածքների, մասնավորապես ռեստորանի, կառուցմանը, ՀՀ վաստակավոր արտիստը նշեց. «Կարդացել եմ նախաձեռնության մասին: Առաջ է քաշվում այն դրույթը, որ մեծագույն թատրոններն ունեն ռեստորաններ: Վիեննայի օպերային թատրոնը չունի ռեստորան: Կան փոքրիկ կանգնելու տեղեր, որտեղ խմում են բարձրակարգ շամպայն: Ճաշացանկ չկա: Դա շատ քաղաքակիրթ է, գեղեցիկ, ներդաշնակ օպերային թատրոնին: Մետրոպոլիտեն օպերայում կա ռեստորան, գալիս են հիմնականում տարիքով մարդիկ, կամ ներկայացումից առաջ են ճաշում, կամ հետո: Ընդունված կարգ է:
Սակայն այստեղ սկսել են հակառակ կողմից: Եթե մեր օպերային թատրոնը հասնի Ցյուրիխի օպերային թատրոնի մակարդակին, որտեղ տարվա մեջ 15 պրեմիերա է լինում, եթե հասնենք այն որակին, որ օպերայի տոմսերը հնարավոր չլինի գտնել, հանդիսատեսն ուղղակի ներխուժի դահլիճ, իհարկե, այդ ժամանակ կարող ենք մտածել, որ հանդիսատեսն իրավունք ունի վայելելու բարձրակարգ շամպայն: Շատ կասկածում եմ, որ մեր երկրում շամպայն խմողները օպերա կգան:
Այն ունկնդիրը, ով պետք է գա օպերա, սիրում է օպերա, սպասում է, ստիպված է քերել իր չնչին աշխատավարձից, որպեսզի կարողանա տոմս գնել: Վստահ եմ, որ նա չի խմելու այդ շամպայնը:
Գաղափարը լավ է, բայց կխնդրեի մեր մշակույթի նախարարին, որ եթե ինքը կկարողանա օպերայի մոտակա, շրջակա սրճարանները, մի քանիսը շատ տգեղ են, վերացնել, ծառեր տնկել, շատրվաններ կառուցել, մանկական խաղահրապարակը վերացնել, այդ ժամանակ՝ ինչու ոչ: Բայց այսօր, կարծում եմ, այդտեղ ռեստորան կառուցելն այդքան հրատապ չէ: Չնայած ասում է, որ ճաշացանկը մեր իմացածը չի լինելու, բայց, ինչպես մյուս դեպքերում, խիստ կասկածում եմ, որ ճաշացանկը կփոխվի»:
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյան. Երևանում մայթերով քայլելն ուղղակի տանջանք է
- Օպերային թատրոնում տարբեր ենթակառուցվածքներ ստեղծելու մտադրությունները չեն կարող փոխվել. Ամիրյան
- Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք. Արմեն Ամիրյան
- «Թատրոնը սրբություն է, չի կարելի ոտնահարել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան