Մարին Լը Պեն. ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Լը Պենը նման կարծիք է հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում:
«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,-նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Լը Պենը նշել է, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն պետք է ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը:
«Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ և հաջողությամբ ինտեգրվեցին: 1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաև Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում և կատարյալ կերպով ասիմիլացվեցին»,- ընդգծել է Լը Պենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան