Մեդիագրագիտության կարևորությունը` հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում
««Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ նախարարությունը տարիների համագործակցության փորձ ունի, և ստորագրված հուշագիրը կնպաստի, որ հատկապես դպրոցներում կարևորվի ճիշտ արտահայտվելու մշակույթը, զսպվածությունը, սկզբունքայնությունը»,- ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրած փոխըմբռնման հուշագրից հետո նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Եթե այս ծրագիրը հաջողի, ապա հետագայում այն կարող ենք դարձնել մեր կրթակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Նախարարությունը, առհասարակ, որդեգրել է մի շարք ուղղություններ` նախ փորձում ենք դաշտում արդեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներուժը օգտագործել, ապա հստակ սահմանազատել առարկա և հմտություն հասկացությունները: Մեդիագրագիտություն, բնապահպանական և քաղաքացիական կրթություն. սրանք հմտություններ են, որոնք ճիշտ բաժանելով մեր առարկայախմբերի միջև` կստանանք և’ վերապատրաստված ուսուցիչներ, և կունենաք դպրոցի բեռնաթափում»,-ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է նախարարը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումն արդյունք է վերջին 5 տարիների աշխատանքի` դպրոցի, ուսուցիչների, Մեդիագրագիտության ձեռնարկի:
«Մենք արդեն մի քանի տարի աշխատում ենք ուսուցիչների հետ, դասընթացներ ենք անցկացնում, որն իր մեջ 10 դաս է ներառում` ինչպես մեդիան հասկանալու, այնպես էլ մեդիա արտադրելու հետ կապված: Արդեն մոտ 300 ուսուցիչ անցել է այդ դասընթացը, այն ներդրել դպրոցներում, ինտեգրել տարբեր առարկաների, ակումբային դասընթացների, լրացուցիչ կրթության, դասվարների ժամերին: Այս համատեքստում մենք երկար աշխատել ենք ԿԳՆ-ի և ԿԱԻ-ի հետ, որի արդյունքում Մեդիագրագիտության ձեռնարկը երաշխավորվել է` որպես ուսումնաօժանդակ գրականություն»,-նշել է Սարգսյանը:
Համաձայն հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է մշակել և տարածել մեդիագրագիտության ուսումնամեթոդական նյութեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի համար, աջակցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին ուսուցիչների, տնօրենների, դասախոսների վերապատրաստումների իրականացման գործընթացում, երաշխավորել հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված ուսումնական նյութերը, վերանայել որոշ առարկաների, մասնավորապես, «Հասարակագիտություն» առարկայի ծրագիրը՝ դրանում մեդիագրագիտության թեմաներ ինտեգրելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները