Armzon-ի օգնությամբ Ռուսաստանում ապրողները կարող են հայկական արտադրանք պատվիրել
Հայաստանում ներդրվում է Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի համար հայկական ապրանքների օնլայն շուկա՝ Armzon, որը հիմնադրել է «Սպայկա» ընկերությունը: Armzon-ն օնլայն հարթակ է, որտեղ հայկական բոլոր արտադրողները հնարավորություն կունենան համացանցի միջոցով իրենց արտադրանքը վաճառել Ռուսաստանի տարածքում:
Ներկայացնելով օնլայն հարթակը «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ ռուսաստանցի սպառողը կարող է Հայաստանից պատվիրել ցանկացած ապրանք: Այն առավելագույնը երեք օրվա ընթացքում կհասնի պատվիրողին: Պատվիրել կարող են ցանկացած բան՝ արվեստի գործ, տեքստիլ կամ մթերք:
«Այսինքն Հայաստանում արտադրվող ամբողջ ապրանքները հասանելի կլինեն ռուսաստանցի սպառողին»,-նշեց Կ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր արտադրողները Armzon-ի միջոցով անմիջականորեն կարող են մուտք ունենալ ՌԴ քաղաքներ առանց միջնորդների ու սուպերմարկետների:
Պատվերի արժեքի մասին խոսելիս նա նշեց, որ գոյություն ունի փաթեթի մինիմալ արժեք, այն կազմում է 50 հազար դրամին համարժեք գումար: Այդ գնի շրջանակում պետք է պատվերը կատարվի: Արժեքում ներառված է նաև տրանսպորտի ծախսը: «Սպայկա» ընկերության արտադրանքը ևս ներկայացված կլինի հարթակում:
«Գները մոտ երկու անգամ ավելի էժան են լինելու, քան ՌԴ սուպերմարկետներում վաճառվող հայկական ապրանքների գները»,-վստահեցրեց ընկերության ներկայացուցիչը:
Նա հայտնեց, որ առայժմ Armzon-ը գործելու է միայն ՌԴ-ում, հետագայում՝ նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրներում: Armzon ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը նախատեսում է ներդնել ընդհանուր առմամաբ 3 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին