««Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը»
56 սիրիահայ ներկայացրել է 2016թ. նոյեմբերին մեկնարկած դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան) հիմնադրամի դահլիճում կայացած միջոցառման ընթացքում սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացների մասնակիցները ներկայացրել են իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը»,- ասել է Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:
«Հալեպ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Պալխյանը նշել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստանած յուրաքանչյուր սիրիահայի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ է աշխատանք ունենալ: Դասընթացի մասնակիցները նշել են, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. անցկացված` սեղանի ձևավորման և ֆուրշետների կազմակերպման դասընթացի մասնակից մի քանի սիրիահայ էլ շեշտեց, որ արդեն ունի աշխատանք և մշտական պատվերներ է կատարում տարբեր կազմակերպությունների համար:
Դասընթացի ֆինանսավորումն իրականացվելու է միջեկեղեցական միջազգային «ACT Alliance» («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով: Նույն դրամաշնորհի միջոցով մեկնարկել է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատում են մեծահասակների և երեխաների խմբերի հետ: