Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
«Առանց որևէ գաղափարաբանություն իսկ դնելու այս ամբողջ համատեքստում, ես կարծում եմ, որ մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամբողջ մեր ժողովուրդն է ընդգրկված բանակում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով «ազգ-բանակ» գաղափարախոսության մասին:
Նշենք, որ նա ներկա է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին, որը րոպեներ անց մեկնարկելու է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Բագրատ Եպիսկոպոսի խոսքով, բանակը մի մեծ ընտանիք և առանցքն է դարձել մեր կյանքի:
«Պետք է ասել, որ անկախության մեծագույն ձեռքբերումն է բանակը: Աննախադեպ երևույթ է մեր ողջ պատմության ընթացքում, որ այսօր կազմավորված, պետականորեն ստեղծված բանակ ունենք, կռվից, պատերազմից ծնված բանակ ունենք, որի մեջ յուրաքանչյուր ընտանիք է ներգրավված: Եթե չունենք անմիջական ծառայողներ մեր ընտանիքներից, մեր ազգականները, դրացիները, հարևաններն ունեն»,- նշեց նա:
Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր ժամանակը հասել է գաղափարական հենք հաղորդելու այդ ամբողջ խորհրդին, տարածելու կյանքի բոլոր ոլորտների վրա. «Միայն բանակը բանակով չի կարող դիմանալ: Այս իմաստով պետք է բոլոր ոլորտների, եզրերի, մեր կյանքի ներգրավվածություն, համագործակցություն լինի, տնտեսությունը զարգանա, սոցիալական վիճակը բարելավվի, արտագաղթը կանխվի կամ նվազի: Բոլոր ճանապարհով երկրի բարելավում պետք է լինի»:
Խոսելով հայ զինվորի մասին, Բագրատ Եպիսկոպոսն ասաց. «Առանց մեծ խոսքերի, դատարկ հպարտության ասեմ, որ մեր յուրաքանչյուր զինվորը հոգու մարտիկ է, մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորները խաղաղություն հաստատող մատիկներ են: Բոլորը վկայել են դրա մասին, իրենք իսկ վկայել են ապրիլյան պատերազմի շրջանում: Մեր զինվորների մարտունակությունը, ոգին, ընկալումը, հավատքը, սերը, պատասխանատվության բարձրագույն գիտակցությունն ամենօրյա ապրում է իրենց մեջ:
Ես միշտ ասել եմ՝ մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր են, հայրենիքն իրենք ապրում են մարմնով, իրենց ամբողջ էությամբ, հոգով, մտքով: Ինչպես Եղիշե պատմիչն ասում էր Ավարայրի պատերազմից առաջ՝ յուրաքանչյուր զինվոր մի եկեղեցի է: Այդպես է այսօրվա հայ զինվորը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան