Նախատեսվում է Հայաստանի մարզերը վերազինել հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին, ում հետ քննարկել է Ճապոնիայի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրերը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» ծրագիրը նպատակ ունի բարելավել և հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով համալրել Հայաստանի մարզերը:
«Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագիրը ենթադրում է ԱԻ նախարարությունում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կարողությունների հզորացում, ինչը կհանգեցնի նաև մարզերում արտակարգ իրավիճակների ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Իր խոսքում՝ նախարար Տոնոյանն ընդգծել է, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ աշխատանքն էլ ավելի ընդլայնվելու հնարավորություններ ունի՝ ինչը կնպաստի Հայաստանի մարզերում աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ստորագրելու են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երրորդ՝ վերջին ուսումնասիրության) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը: