Հայաստանն աղբի կառավարման բնագավառում հետքայլ է կատարում դեպի 19-րդ դար. բնապահպան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Վարչապետը հանձնարարել է մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօրվանից։ Հանձնարարականի առաջնայնության և հրատապության շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց բնապահպաններ Ինգա Զարաֆյանի և Լևոն Գալստյանի հետ։
Վերջինս աղբահավաքության հարցը որակեց «էլեմենտար»՝ շեշտելով, որ այն լուծված պետք է լիներ դեռ շատ տարիներ առաջ։
«Հիմա այս հարցը դարձրել են առաջնային և ձգտում են ներկայացնել որպես հատուկ իրականացվող աշխատանք։ Եթե պետությունը ուզում է լուծել սանիտարական մաքրման հարցը, նախ պետք է համապատասխան քաղաքացի դաստիարակի՝ դեռ մանկապարտեզից։ Դրա համար սոցիալական հոլովակներ և ուսուցողական ֆիլմեր է պետք ցուցադրել»,- նկատեց Լևոն Գալստյանը։
Բնապահպանը հատուկ ընդգծեց աղբի տեսակավորման և վերամշակման անհրաժեշտությունը։
Նրա համոզմամբ, աշխարհն աղբի կառավարման բնագավառում հասել է նոր մակարդակի, իսկ Հայաստանը հետքայլ է կատարում դեպի 19-րդ դար։
«Մենք այսօր խոսում ենք աղբահանության մասին՝ այն էլ կառավարության մակարդակով, մինչդեռ գործադիրի մակարդակով պետք է խոսեին աղբի տեսակավորման անհրաժեշտության մասին։ Փողոցներում պետք է 4 տեսակի աղբաման դրվի, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է տեսակավորված աղբը»,- ասաց մեր զրուցակիցը։
Լևոն Գալստյանը նկատեց՝ ինչպես պետական կառավարումն է փնթի, այնպես էլ քաղաքացիներն են։
«Բայց ժողովրդին չի կարելի մեղադրել։ Նա նման է երեխայի, որ նայում է մորը, նրանից օրինակ վերցնում»,- ասաց նա։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ իր հերթին նկատեց, որ աղբահանությունից առավել կարևոր է աղբի կառավարումը։
«Սանիտարական մաքրումն ու աղբավաքությունը միայն աչքի տեսածը մաքրելն է, մինչդեռ կան ոլորտային բազմաթիվ խնդիրներ, որոնք աչքի չեն զարնվում։ Սրանք իրենց բնույթով ավելի կարևոր են։ Մենք կարող ենք մաքրել մեր ճանապարհներն ու զբոսաշրջային վայրերը, սակայն աղբից վերջնականապես չենք ազատվի։ Իրականում աղբահավաքության հարցը կարող է շատ արագ լուծվել, բայց թե որտեղ պետք է «թաքցնել» մնացորդները, հայտնի չէ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում