Կառավարությունը ներդրումներ չկատարած ընկերությունների լիցենզիաները հետ կվերցնի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի հաջորդ հանձնարարականը ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության վերաբերյալ էր:
«Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից. թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, բայց իրականացման չափորոշիչները և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն: Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Այդ իսկ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը:
Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում տրամադրված բոլոր լիցենզիաները և ներդրումների պարտավորությունները. «Մենք մի անգամ զգուշացրել ենք իրենց: Ասել ենք՝ ներկայացրեք ծրագրեր: Ծրագրեր ներկայացրածների հետ պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ: Ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, նրանց հետ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին