ԵԽ զեկույց․Եվրոպայում լրագրողները ենթարկվում են բռնությունների, ճնշումների ու ինքնագրաքննության
Եվրոպայի խորհուրդն այսօր հրապարակել է Եվրոպայում լրագրողների գործունեության հետ կապված զեկույցը։ Զեկույցը կազմվել է Եվրոպայի խորհրդի 47 երկրներում ու Բելառուսում աշխատող 940 լրագրողների հետ անցկացրած հարցումների հիման վրա։
Ուսումնասիրությունը փաստում է, որ Եվրոպայում աշխատող լրագրողներն իրենց աշխատանքում հաճախ ենթարկվում են անթույլատրելի միջամտության, այդ թվում՝ ահաբեկման ու բռնության։ Որպես հետևանք լրագրողների մոտ առաջանում է վախ, որն էլ հաճախ հանգեցնում է ինքնագրաքննության։
2016թ․-ի ապրիլից մինչև հուլիս հետազոտությանը մասնակցած լրագրողների մեկ-երրորդի նկատմամբ վերջին 3 տարիներին տեղի են ունեցել ֆիզիկական հարձակումներ։ Ամենատարածված միջամտությունը, որը նշել են լրագրողների 69 %-ը, եղել է հոգեբանական բռնությունը՝ ներառյալ ահաբեկում, սպառնալիք, զրպարտություն ու նվաստացում։
Երկրորդ ամենատարածված միջամտությունը եղել է կիբերահաբեկումը (cyberbullying), որը նշվել է 53 %-ի կողմից։Երրորդ ամենատարածվածը շահերի խմբերի կողմից լրագրողներին վախեցնելու միջամտությունն է նշվել՝ 50 %, որին հաջորդում է ուժի սպառնալիքով վախեցնելը՝ 46 %, քաղաքական խմբերի կողմից ահաբեկումները՝ 43 %, թիրախավորված հսկողություն՝ 39 %, ու ոստիկանության կողմից ահաբեկումը՝ 35 %։
«Լրագրողները ճնշման տակ․ապօրինի միջամտությունը, վախն ու ինքնագրաքննությունը Եվրոպայում» ուսումնասիրության նպատակն է փաստերի հիման վրա նպաստել բանավեճին՝ թե ինչպես լուծել մամուլի ազատությանն ուղղված սպառնալիքները, որը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել Եվրոպայում։
Հետազոտությունը կատարվել է անանուն, առցանց հարցաթերթիկների միջոցով։
Հարցվածներից մոտ ¾-ը նշել է, որ իրենց պաշտպանված չեն զգում նպատակային հսկողությունից, իսկ կեսը նշել են, որ վտանգված է իրենց աղբյուրներին պաշտպանելու կարողությունը։ Գողության, գույքի բռնագրավման ու ոչնչացման մասին է նշել 21%-ը։
Ֆիզիկական հարձակումները հաղորդվել են Հարավային Կովկասում ու Թուրքիայում, բայց նաև ԵՄ անդամ ու ոչ արևմտաեվրոպական երկրներում աշխատող լրագրողները։
Հետազոտությունը նաև բացահայտել է լրագրողների շրջանում ինքնագրաքննության բարձր մակարդակը։ Հարցված 5 լրագրողից 1-ը նշել է, որ իրենք ճնշվածություն են զգում իրենց աշխատանքը ներկայացնելու այնպես, որը առավել ընդունելի է իրենց գործատուների համար։