Վիճակն ուղղակի ողբերգական է. վարչապետը՝ աղբահավաքության մասին
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կապապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելուն:
Կարեն Կարապետյանը նշեց, որ այս տարվա փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք, դրանց պատշաճ հսկողության բացակայությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի լինելը, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումները և այլն։
«Վիճակն ուղղակի ողբերգական է: Կարծում եմ՝ բոլորդ էլ նկատել եք»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունեն այս վիճակը։
«Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, այլ նաև, և հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու մեր որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը վարչապետը հանձնարարեց մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօվանից։
«Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգայնորեն վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ արդարադատության նախարարին էլ հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ:
«Պետք է նախատեսված վարչական տույժերը խստացնել, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսել, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնել»,- ասաց վարչապետը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը։
Հաջորդ հանձնարարականը տրվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին: Մասնավորապես, մեկամսյա ժամկետում մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:
««Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ, իրականացնել Ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը մեկ անգամ ևս նշեց, որ վիճակն ուղղակի անթույլատրելի է. «Զբոսաշրջիկների հետ խոսելուց ասում են՝ բացի աղբահանությունից ամեն ինչ լավ է: Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջության վայրերին, Սևանի կղզու եկեղեցու հատվածին, նայում եք այնտեղ բուտկաներն ու շինությունները: Հատուկ այս գոտով մեկ շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում եք, հատկապես Սևանի եկեղեցի ավելի լավ է ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Մաքսիմալ կոշտ, մաքսիմալ»:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ այն համայնքապետերը, որոնք իրենց գործառույթը լավ չեն կատարում, ապա պետք է իրենց էլ «ցավացնեն»:
Վարչապետը դիմելով ոստիկանապետին՝ ասաց, որ ոստիկանությանը խնդրում են մաքսիմալ միջոցառումներ իրականացնեն:
«Ոնց պատկերացնում եք, արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք տասը օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,- նշեց վարչապետը:
Հանձնարարականին արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը:
«Մենք աշխատելու ենք նման դեպքերը կանխել, սակայն, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ճանապարհի վրա աղբ է թափում, ապա ոստիկանին դժվար կլինի մոտենալ՝ ասել, որ տուգանվում են, հակաճառելու են, ապարդյուն խոսակցություն է լինելու», - ասաց Վ. Գասպարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան