Ավելի բարձր մասնագիտություն, քան սպայինն է, չկա. Լևոն Մկրտչյան
«Երկար տարիներ քայլ առ քայլ գնում ենք դեպի «Ազգ-բանակ» կարգախոսի»,- Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը սկսեց կանգնել կարևոր հիմնահարցի առջև՝ ինչպիսի կրթություն են ուզում, որ ունենա Հայաստանի անկախ Հանրապետությունը, ինչպիսի տեսլական է դրվելու կրթական համակարգի հիմքում:
«Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական գործառույթը, նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է: Այդ տեսլականի, գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև նաև բարձրագույն, միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Կատարվեց հսկայական աշխատանք, մենք վերադարձրեցինք դպրոց ռազմագիտության ուսուցիչներին:
Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթության քաղաքականությունն իրականացնող ամբողջ մի պրոֆեսիոնալ համակազմ, այսօր հասել է պահը, որպեսզի խոսենք շատ ավելի մեծ, ամբիցիոզ մյուս փուլին անցնելու անհրաժեշտության մասին»,- ասաց Լ. Մկրտչյանը:
Նրա խոսքով, դպրոցն ունի առաքելություն, հատկապես Հայաստանի պայմաններում, երբ երկիրն այնքան փոքր է, որ չկա թիկունք, սահման հասկացությունը:
«Մենք պարտավոր ենք մեր կրթական համակարգում դնել հիմնական չափորոշիչը, որն անվանում ենք պարզ արտահայտությամբ՝ հայրենասիրական դաստիարակություն:
Սիրելի մանկավարժներ, մեր վրա է դրված այս երկրի ապագան ապահովելու առաքելությունը: Մենք պետք է կարողանանք ազգ-բանակ շատ մեծ գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար: Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար, ունենք Հայաստանի նախագահի բացարձակ հովանավորությունը և կանաչ լույսն այս ուղղությամբ գնալու համար, ունենք անհրաժեշտ նյութական ռեսուրսները: Եթե մենք կարողանանք սա դարձնել գործնական մի քանի ուղղություններով ծրագրեր, վստահ եմ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարձրագույն, միջին, հանրակրթական համակարգում կունենանք շատ լուրջ արդյունքներ:
Մեր ժողովրդին, մեր երեխաներին մեկ անգամ հիշեցնեք, որ ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա: Սա արիստոկրատիայի, առաջամարտիկների, ազնվական դասի առաքելությունն է եղել պատմականորեն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան