ՀՀ գլխավոր վիրաբույժը ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը
Մարզեր կատարած այցերի ընթացքում մի շարք բուժհաստատություններում բարձրացված վիրաբուժական ծառայությանն առնչվող խնդիրները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նախաձեռնությամբ քննարկվել են մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների և մարզերի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։
ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ մարզերից ստացված առաջարկությունները, ինչպես նաև իր տեսլականը։
Լևոն Ալթունյանն առաջարկել է մարզերի ներկայացուցիչներից ստեղծել նախաձեռնող խումբ` վիրաբուժական ծառայության զարգացման, ինչպես նաև առկա խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այդ ենթատեքստում կարևորվել են մարզերում աշխատող նեղ մասնագետների վերապատրաստումները։ Հանձնարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտին մշակել մարզային մասնագետների գիտակրթական տարեկան ծրագիր։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն առաջարկել է, ելնելով մարզային հիվանդանոցների նեղ մասնագետներով և սարքավորումներով հագեցվածությունից, որոշել բժշկական կենտրոնների մակարդակը։
Մարզերում վիրաբուժական ծառայության որակի բարելավման գործում կարևորվել է նաև կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։