Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել
Թուրք արտադրողի հայտարարությունը՝ թունավոր նյութեր պարունակող լոլիկը ոչ բարեկամ հայերին վաճառելու մասին, հայաստանյան շատ լրատվամիջոցներում հայտնվեց, սակայն այդպես էլ սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պետական մարմնի արձագանքի չարժանացավ:
Հայաստանցի սպառողին՝ լուրը հայտնվելուց ժամեր անց էլ վերահսկողություն իրականացնող մարմինը, նույնիսկ հարցման դեպքում հստակ չասաց, արդյոք առողջության համար վտանգավո՞ր է Թուրքիայում աճեցված ու Հայաստան բերված լոլիկ ուտելը, թե՞ ոչ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված իրավիճակում դժվարանում է որևէ խորհուրդ տալ սպառողներին: Նրա խոսքով, Սննդամթերքի անվտանգության պետական ծառության անգործության հետևանքով, այսօր հայաստանյան շուկայում թուրքական լոլիկը իրացվում է տեղականի անվան տակ, և դժվար է սպառողին խորհուրդ տալ՝ չգնել թուրքական լոլիկ:
«Սպառողներին խորհուրդ եմ տալիս փորձել հնարավորինս տեղեկատվություն պարզել ապրանքի ծագումնաբանության մասին: Լիազոր մարմինը պետք է հետևեր աշխարհի ռիթմին, հասականար, թե ինչ վտանգներ են հայտնաբերում աշխարհի մյուս երկրները թուրքական գյուղմթերքում: Այդ վտանգների նկատմամբ մինչև ներմուծելը պետք է փորձաքննություն իրականացներ: Պետք է ստուգեր ոչ թե այն տարերը, որոնք մինչ այս է ստուգվել, այլ այն, ինչ հայտնաբերել է աշխարհը»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահը:
Պիպոյանի խոսքով, ներմուծելուց հետո պետք է ծառայությունը հետևողական լիներ, որպեսզի այն իրացման ցանցում վաճառվեր որպես թուրքական, ոչ թե տեղական արտադրանք, իսկ դրա համար պետք է լինի ճիշտ մակնշում:
«Եթե լիազոր մարմինը դա չի անում, ապա նպաստում է թուրքական թունավոր ապրանքի տարածմանը Հայաստանի Հանրապետությունում»,-կարծիք հայտնեց Պիպոյանը:
Panorama.am-ին ՍԱՊԾ-ի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում են նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության:
«Այսինքն՝ անվտանգության ցուցանիշերն են նաև նայվում»,-ասաց Ն. Առաքելյանը՝ այս պահին անպատասխան թողնելով հարցերը, թե իրականացրած փորձաքննության արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել, եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է թուրքական լոլիկի ներմուծումը Հայաստան:
Պիպոյանը համարում է, որ այդ փորձաքննությունը բավարար չէ սնունդն անվտանգ համարելու համար:
«Աշխարհը զարգանում է գերարագ: Մենք պետք է ման գանք ոչ թե այն թունավոր տարրը, որ այդ մթերքում առկա չէ, այլ այն, որի նկատմամբ կա ռիսկ, որն արդեն աշխարհը հայտնաբերել է: Թուրքական լոլիկը հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում: Այնպես որ թուրք արտադրողի հայտարարությունը ոչ թե գլուխ գովալ է, այլ փաստերի արձանագրում: Բայց այն ինչ տեղի է ունենում մեր երկրի սահմաններից դուրս, հարցի մի կողմն է, հարցի այլ կողմն է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրի սահմաններից ներս: Առ այսօր չի խոսվել թուրքական գյուղմթերքի ռիսկի մասին: Այսօր արդեն այս բարձիթողի իրավիճակը գալիս է եզրափակելու լիազոր մարմնի քար լռությունը»,-ասաց Պիպոյանը:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը ցավալի է համարում այն, որ լիազոր մարմնի պատկերացումը սննդամթերքի անվտանգության մասին չի համապատասխանում իրականությանը:
«Չի բացառվում, որ այդ լոլիկը, ըստ ծառայության, լինի անվտանգ, սակայն դա խոսում է այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունն ուղղակի չգիտի, թե ինչ է նշանակում սննդամթերքի անվտանգությունը: Ես բազմիցս ասել եմ, որ սննդամթերքի անվտանգությամբ չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով: Նմանատիպ դեպքերը պետք է լինեն ազդանշան որոշ պաշտոնյաների համար, որ իրենք հասկանան, այս ոլորտն իրենց խելքի բանը չէ: Անվտանգության ապահովելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, որոնք պետք է ձեռք բերել ոչ թե աշխատանքային պրոցեսի ընթացքում՝ վտանգելով ամբողջ հասարակության կյանքն ու առողջությունըմ այլ մինչ այդ»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով, ծառայության անգործության հետևանքով ստեղծված իրավիճակում պետական մարմնին այլ բան չի մնում անել, քան ամաչել:
«Եթե ես տեսնում եմ փողոցում ընկած մարդու, ով կոտրվածքներ ունի, ես մեծ կամք ունեմ նրան ոտքի կանգնացնելու, բայց քանի որ բժիշկ չեմ, չեմ կարող նրան վիրահատել, առավելագույնը կարող եմ առաջին օգնություն ցույց տալ, նրան տանել դեպի բժիշկ: Հիմա լիազոր մարմինը պետք է լինի բժիշկ: Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու պաշտոնյան պետք է լինի իր գործին գիտակ, եթե գործից անտեղյակ է, պետք է ուղղակի չզբաղվի սրանով»,-ասաց ՀԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն չի պլանավորում թուրքական լոլիկի համար բացել իր շուկան
- Թուրքիայից ներմուծած լոլիկը ավելի էժան է. ջերմոցային տնտեսության ֆերմերների բողոքը
- Գյուղնախարար. Ներմուծումը պետք է փոխարինել տեղական արտադրությամբ
- Փորձագետ. Հայաստանում առավել շատ բողոքում են արտադրողները
- ՊԵԿ-ը թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ է բացահայտել
- Շուկաներում եթե թուրքական լոլիկ կա՝ «դա է». Գյուղնախարար
- «Երևան սիթի»-ում թուրքական լոլիկ է վաճառվում. ՀԺ
- Պիպոյան. Հայ սպառողները չունեն հստակ ու ճշգրիտ տեղեկություն
- ՍԱՊԾ. Հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չի արձանագրել
- Ռոսսելխոզնադզորը ոչնչացրել է մոտ 8 տոննա թուրքական վարակված լոլիկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան