Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց առաջնագծում զինծառայության «Ես եմ» ծրագիրը
«Ես ուզում եմ հանրային քննարկման առաջարկել մի ծրագիր, որտեղ ժամկետային զինծառայության զորակոչվող նորակոչիկը կամավոր ընտրելով առաջին կարգի զորամասում ծառայությունը ստանում է բացարձակ նոր կարգավիճակ, որը կարելի է անվանել ժամկետային-պայմանագրային ծառայություն»: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մանրամասնելով խոսքը, նախարարն ասաց, դա նշանակում է՝ երկու տարի ժամկետային ծառայության փոխարեն նրան առաջարկվում է ստորագրել պայմանագիր երեք տարի ժամկետով ծառայությունն անցնելու առաջին կարգի զորամասում, բայց մի քանի պայմաններով:
«Հինգ ամիս ուսումնական ցիկլն ավարտելուց հետո, ինչպես հիմա անցնում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, նրանք անցնում են ծառայության 1+1+2 ձևաչափով: Յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անց են կացնում տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելով մարտական հերթապահության և երկու շաբաթ առաջնագծում»,-պայմանները ներկայացրեց Վ. Սարգսյանը:
Նախարարի խոսքով, յուրաքանչյուր ամիս նրանք արձակուրդ գնալիս ստանում են որոշակի գումար, ճանապարհածախսի, ինչպես նաև այլ ծախսեր հոգալու համար, և միաժամանակ անհատական հաշվին կուտակվում է գումար:
«Փաստացի ծառայությունը դառնում է 2 տարի 5 ամիս: Ծառայության ավարտին նրանք ստանում են մոտավորապես մոտ 5 մլն դրամին համարժեք գումար, որը կարող են ուղղել երեք նպատակային ծրագրի՝ մատչելի բնակարան, եթե գյուղական համայնքներից են, կարողանում են գյուղնախարարության աջակցությամբ ստեղծել փոքր ֆերմա կամ ձեռք բերել գյուղտեխնիկա, և երրորդ՝ ուսման վարձի փոխհատուցում»,-ասաց նախարարը:
Սարգսյանը նշեց, որ սա լինելու է զուտ կամընտիր ծրագիր:
«Հաշվի առնելով այս ծրագրի գրավչությունը, համարում եմ, որ հաջող աշխատանքի դեպքում մենք տարիների ընթացքում պետք է ի վիճակի լինենք առաջնագծում անցնել ծառայության հենց այս ձևին, դա հնարավորություն է տալու ձևավորել շատ ավելի ամուր և այդ գործին նվիրված անձնակազմով առաջնագծեր: Վստահ եմ, որ նրանցից շատերը հետագայում կցանկանան շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքով»,-ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ ներկայում իրականացնող զորակոչում հստակ տարանջատվում են նորակոչիկների երկու տեսակ՝ նրանք, ովքեր մեծ նվիրումով իրենք են ցանկություն հայտնում ծառայելու առաջնագծում, և նրանք, ովքեր ամեն գնով փորձում են խուսափել «վտանգավոր» համարվող զորմասերից: Հաջողության հասած բազմաթիվ բանակներում պատվաբեր է համարվում ծառայությունն իրականացնել «էլիտար» զորամիավորումներում, որոնք միշտ մարտական հերթապահություն իրականացնողներն ու հատուկ առաջադրանք կատարողներն են:
««Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցկացնելու որոշումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր համաժողովում նախարարը ներկայացրեց նաև «Պատիվ ունեմ» նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- «Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո շրջանառության մեջ դրվեց երկու նոր նախագիծ՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ»
- ՀՀ նախագահ. Հանձնարարել եմ, անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար
- ՀՀ նախագահ. Անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ ու լուծումներ
- Սերժ Սարգսյան. Մեզ պետք են լիարժեք մարդիկ, երկրի տերեր
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան