Կրթության մեջ միջազգային ծրագրերը պետք է լուծեն երկու խնդիր. Լևոն Մկրտչյան
ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է Երևանում (ապրիլի 20-22), որին մասնակցում են մի շարք երկրների շուրջ 250 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև Միջազգային բակալավրիատ և Ռաունդ Սքվեր կազմակերպությունների համաշխարհային գրասենյակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ուսհաստատությունների ղեկավարներ:
Համաժողովի ընթացքում քննարկվում են կրթության արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափանիշների՝ կրթական հաստատություններում ներդնելու հնարավորությունները, ներկայացնում Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները։
Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ամենամյա համաժողովների գլխավոր խնդիրը փորձի փոխանակումն է։
«Մասնակիցները, ովքեր գալիս են տարբեր պետություններից ու քաղաքներից տարբեր մակարդակով են պատրաստ միջազգային բակալավրիատին։ Կան դպրոցներ, որոնք նոր-նոր են սկսել այս ճանապարհը, կան նաև արդեն ծրագրով աշխատելու տարիների փորձ ունեցող դպրոցներ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ համաժողովները լինեն արդյունավետ, հետաքրքիր բոլոր դպրոցների համար»,- նշեց Բարինովան։
Նաև տեղեկացրեց, որ Ռուսաստանում 35 դպրոց կրթություն է իրականացնում է Միջազգային բակալավրիատ ծրագրով, իսկ Հայաստանում այդ ծրագրով ամբողջությամբ կրթություն է իրականացնում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը և «Քվանտ» վարժարանը՝ ավագ դպրոցի համար։
Սիրիայից Հայաստան ժամանած և արդեն 4 տարի «Շիրակացու ճեմարան»-ում սովորող Շանտալ Ալ Հաբիբը, Միջազգային բակալավրիատ ծրագրով ընդունվել է Կանադայի Վանկուվեր քաղաքի համալսարաններից մեկը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկը և պետք է ընտրություն կատարի, թե որտեղ կշարունակի ուսումը։
«Այս ծրագրի շրջանակներում ես հնարավորություն եմ ստացել համադրել իմ ստացած գիտելիքները և դրանց միջև առկա կապը, որն ինձ օգնեց դիմել այս ծրագրին։ Որոշել եմ բժշկություն սովորել։ Մենք այստեղ ենք եկել Սիրիայի Դամասկոս քաղաքից, մայրս էլ է հայ, վերադարձել ենք իր հայրենիք։ Այստեղ որոշեցի դիմել այս ծրագրին ու մնացինք Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Շանտալ Ալ Հաբիբը։
Համաժողովին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արարատյան բակալավրիատ և Միջազգային բակալավրիատ ծրագրերի տարբերություններին։
«Արդեն հայտարարել ենք, որ մեր կրթական համակարգը բաց պլատֆորմ է և այստեղ տարբեր տիպի կրթական մոդելներ աշխատում են։ Միջազգային բակալավրիատի մոդելն աշխարհի համարյա բոլոր երկրներում կա և այդ ծրագիրն ընդունվում է կոնկրետ թվով համալսարանների կողմից և ծրագիրն իրականացվում է օտար լեզվով, պաշտոնական լեզուն անգլերենն է։ Արարատյան բակալավրիատը ծրագիր է, որը ձևավորվել է Հայաստանում, Քեմբրիջի համալսարանի հետ բանակցելով և Քեմբրիջի համալսարանը սա ճանաչել է իրեն համազոր ծրագիր»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ և Միջազգային բակալավրիատը, և Արարատյան բակալավրիատը, և տարբեր միջազգային ծրագրերը պետք է լուծեն այս երկու խնդիր՝ հանրակրթության մեջ անհատ երեխայի զարգացում ու կրթական համակարգի զարգացում՝ տվյալ երկրի տարածքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար։
«Մեր երկրի համար լավ է մեր ազգային կրթական համակարգը, որի մեջ ներառված կլինեն տարբեր միջազգային կրթական ծրագրեր։ Կրթությունը մեր դարում բազմաշերտ է ու բազմավեկտոր, մենք կրթություն պարտավոր ենք տալ և շատ բարձր, հանճարեղ ընդունակություն ունեցող երեխաներին, և միջին մակարդակի, այսինքն պետք է ունենանք հանրակրթական համակարգ, որն իր կառուցվածքով լինի ցանցային, ուղղահայաց և հորիզոնական»,-հավելեց Լևոն մկրտչյանը։
Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որը կազմավորվել է 1968 թվականին: Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 148 երկրի 4655 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:
Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական քառաստիճան ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ) և ԿՍ (Կարիերայի սերտիֆիկատ):
Հարակից հրապարակումներ`
- «Միջազգային բակալավրիատը»` ազգային համակարգի բաղադրիչ
- «Միջազգային բակալավրիատի» ծրագիր, կվերապատրաստվեն նաև ուսուցիչները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները