Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում. Ռազմական վարժարանի սան
Արցախի պաշտպանության նախարարության Ք. Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը գործում է 2011 թվականից, արդեն երկու տարի է ընդունում է նաև աղջիկների: Այսօր վարժարանում սովորում է 11 աղջիկ, որից 9-ն՝ 2016-2017 թթ. ուսումնական տարում:
Panorama.am-ի հետ զրույցում վարժարանի 1-ին կուրսի սան Լենա Ամիրխանյանն ասաց, որ դեռ փոքր տարիքից սիրել է զինվորական համազգեստը, սիրել է ռազմական գործը, միշտ ցանկացել է զինվորական դառնալ, իսկ 2016 թ. ապրիլյան պատերազմն էլ ավելի է մեծացրել այդ ցանկությունը:
«Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում, աշխարհայացքում»,- նշեց նա:
Այսօր հպարտությամբ է կրում զինվորական համազգեստը, թեև դեռ վերջնական չի որոշել՝ ինչ ուղղությամբ է գնալու. «Մինչև ընդունվելն ուզում էի ռազմական բժիշկ դառնալ, բայց միգուցե ուսման ընթացքում մտափոխվեմ, շարունակեմ սպայական գծով: Տեսնեմ՝ որ ոլորտում ինձ լավ կզգամ»:
Լ. Ամիրխանյանի կարծիքով, յուրաքանչյուր մարդ, ով ծնվում է Հայաստանի, Արցախի հողի վրա, արդեն զինվոր է. «Գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեզ շրջապատում են թշնամիներ: Միշտ պետք է պատրաստ լինենք, բոլորս պետք է պատրաստ լինենք»:
Նշենք, որ Արցախի պաշտպանության նախարարության Ք. Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանը մասնակցում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի շրջանակում բացված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է ոչ միայն ռազմական սպառազինություն, այլ նաև ռազմական վարժարանները, վարժարանները, տարբեր կենտրոններ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը:
Ցուցահանդեսը կգործի նաև վաղն ու ապրիլի 23-ին: