«Ելք»-ի քարոզարշավը կմեկնարկի ռոք համերգով, ՀՀԿ-ինը՝ բակային հանդիպումներով, իսկ «Երկիր ծիրանի»-ինը՝ հեծանվաերթով
Այսօր՝ ապրլի 21-ին, պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից 3 քաղաքական ուժերը՝ «Ելք» դաշինքը, Հանրապետական և «Երկիր ծիրանի» կուսակցությունները, արդեն իսկ պլանավորել են՝ ինչպես են անցկացնելու քարոզարշավի առաջին և հետագա օրերը։
Քաղաքական ուժերի առաջիկա ծրագրերին տեղեկանալու նպատակով Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջիններիս ներկայացուցիչների հետ։
«Ելք» դաշինքից ավագանու անդամի թեկնածու Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ դաշինքի քարոզարշավը մեկնարկելու է այսօր՝ ժամը 18։00-ին, մետրոյի «Երիտասարդական» կայանի հարակից տարածքից՝ «Բարեկամության ձեռքեր» արձանի մոտից։
«Երթը շարժվելու է դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ տեղի է ունենալու համերգ-հանրահավաք։ Համերգի ընթացքում ելույթ է ունենալու «Նեմրա» ռոք խումբը, որից հետո տեղի է ունենալու մեր հանրահավաքը։ Ինչ վերաբերում է առաջիկա օրերի մեր աշխատանքներին, ապա քարոզարշավ ենք իրականացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դրանց նրկա է լինելու անձամբ Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը»,- տեղեկացեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախորդներից տարբեր, նորարարական քարոզարշավի մեկնարկը տրվելու է Ավանից։
«Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի պատասխանատու Սոնա Աղեկյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 17։00-ին, իրենց քարոզարշավի մեկնարկը տրվելու է Ազատության հրապարակից՝ հեծանվաերթով։
«Հեծանվաերթն անցնելու է հետևյալ ուղով՝ Ազատության հրապարակ-Թումանյան-Նալբանդյան-Սայաթ-Նովա-Պռոշյան փողոցներ, Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ»,- տեղեկացրեց կուսակցության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քարոզարշավի յուրաքանչյուր հաջորդ օրվա մասին իրենք հանդես կգան լրացուցիչ ծանուցմամբ։
Սոնա Աղեկյանը նաև նշեց, որ քարոզարշավի շրջանակներում ենթադրվում են բակային հանդիպումներ՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի անմիջական մասնակցությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀԿ քարոզարշավին, ապա ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ այն այսօր մեկնարկելու է բակային հանդիպումներով։ Կոնկրետ այսօր Էրեբունի վարչական շրջանում նախատեսված է երևանցիների հետ 4 նմանատիպ հանդիպում։
«Ամեն օր լինելու ենք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպումներին մասնակցելու է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ակնկալում ենք երևանցիների հետ անմիջական հանդիպումներ և զրույցներ։ Մենք այս գործելաոճը շատ ենք գնահատում, որովհետև անմիջականորեն հանդիպում ենք մարդկանց հետ, ներկայացնում մեր կատարած աշխատանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ համերգներ և հանրահավաքներ քարոզարշավի ընթացքում չեն նախատեսվում։
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- «Ելք» դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին
- Տարոն Մարգարյանը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին