Դեսպան. Բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում
«Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»: Ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկինի հետ հանդիպմանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:
Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում:
Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին