Վարչապետ. Պետպատվերի բաշխման գործընթացը արդյունավետ և հասցեական չէ
Մարզային այցերի ժամանակ ծանոթացել եմ պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ: Առողջապահության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում:
«Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան,եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին , հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:
Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: «Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը:
Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն արձագանքում է պետպատվերի վերաբերյալ հրապարակմանը
- Գրեթե բոլոր բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել քաղաքացիներին. «Ժողովուրդ»
- Ա. Բաղդասարյան. Պետպատվերի այսօրվա գործող համակարգն արատավոր է
- Ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն
- «Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել». պետպատվերների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան