Խաչատրյանի մրցույթը հիասքանչ հնարավորություն է երիտասարդ արտիստների համար. Ջոն Ֆիշեր
«Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթը շատ կարևոր իրադարձություն է։ Այս տարի այն վոկալ անվանակարգում երգիչներին հնարավորություն է ընձեռում լսելի դառնալ աշխարհի տարբեր երկրներից թատերական ռեժիսորների, մենեջերների և կազմակերպիչների առջև»,- Խաչատրյանի միջազգային մրցույթի մասին Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մրցույթի ժյուրիի անդամ, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը։
Նրա խոսքով, սա նաև հիասքանչ հնարավորություն է այդ երիտասարդ արտիստների համար՝ նյարդեր պահանջող, ոչ այնքան հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ լավ փորձ: Ջոն Ֆիշերն ասաց, որ մրցույթներում ինքը, որպես կանոն, փնտրում է ձայնային որակ, տեմբր, ամուր բազային տեխնիկա, միաժամանակ` արտահայտման մեջ երևակայություն, լավ լեզվաընկալում և երաժշտականություն, ինչպես նաև լավ բեմական ձիրք:
Խոսելով օպերային երգեցողության ոլորտում առկա միտումների և զարգացումների մասին՝ Ջոն Ֆիշերը նշեց, որ մեր օրերում երգիչներն ավելի լավ պատրաստված են երաժշտական և տեխնիկական տեսանկյուններից. «Իհարկե, երգելու արվեստը քիչ թե շատ նույնն է մնացել: Ոճը, մեկնաբանության լեզուն և գեղեցիկ տեմբրը միշտ կարևոր են եղել»:
Ի՞նչ է ակնկալում 21-րդ դարի հանդիսատեսը՝ այցելելով օպերային ներկայացման։ Ջ. Ֆիշերի կարծիքով, հանդիսատեսը ցանկանում է տեսնել մշակված, հետաքրքիր, խարիզմատիկ ներկայացումներ, գեղեցիկ էներգիայով ու գերող երգով: Շատ ազդեցիկ և համոզիչ դրամատիկ կատարումը, նրա խոսքով, նույնպես սպասված է:
Դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և պրոդյուսեր Ֆիշերը մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում։ Նա եղել է Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 2006-2011թթ.՝ Ուելսի ազգային օպերայի (WNO) գործադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Աշխատել է որպես օպերային ձայնագրությունների պրոդյուսեր Deutsche Grammophon-ում և Decca Records-ում։
Նշենք, որ խաչատրյանական 13-րդ մրցույթն առաջին անգամ անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական աշխարհի հայտնի ներկայացուցիչներ՝ կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյան, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյու, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյան, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարս և ուրիշներ։ Ժյուրին ղեկավարում է Կոստանտին Օրբելյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և անցկացվում է միջազգային չափանիշներով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին