Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրվելու է տարբեր աշխարհամասերում
Առաջիկա ամիսներին լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված ռեժիսոր Թերրի Ջորջի Հայոց ցեղասպանությանը մասին պատմող «Խոստումը» ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրներում:
Ապրիլի 21-ին ֆիլմի առաջնախաղը կայանալու է ԱՄՆ-ում և Կանադայում, այնուհետև Միջին Արևելքի երկրներում՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանում (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունում (ապրիլի 28-ին), Լեհաստանում (մայիսի 5-ին), Ավստրալիայում (մայիսի 25-ին), Թաիլանդում (հունիսի 1-ին), Իսպանիայում (հունիսի 2-ին), Բելգիայում (հունիսի 14-ին), Նիդեռլանդներում (հունիսի 15-ին), Սինգապուրում (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկայում (հունիսի 23-ին) և Իտալիայում (օգոստոսի 24-ին):
Հիշեցնենք, որ հայաստանյան կինովարձույթում ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից: Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, որը նաև իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները:
«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
«Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», - ասել է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):
«Խոստումը» օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:
Ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:
«Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ օրը հայերիս համար առավել քան խորհրդանշական ու կարևոր է: «Շարմ Հոլդինգից» հայտնում են, որ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա նաև «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Փակ ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Խոստումը» ֆիլմում կա սեր, կյանք, ճակատագիր, միաժամանակ՝ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն. Սամվել Թոփալյան
- «Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ
- Անդրե Աղասի. Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»
- «Խոստումը» ֆիլմը ներկայացվել է Էլթոն Ջոնի հիմնադրամի բարեգործական երեկոյին
- Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին