Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել. ՄԻՊ
Հուլիսի 17-ից սկսած՝ Երևանում հայտնի իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես, իրավապահները խումբ-խումբ շրջել են Երևանի փողոցներում՝ առանց որևէ բացատրության մարդկանց բերման ենթարկելով: 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ոստիկանության կողմից խախտումները զգալիորեն նպաստեցին իրավիճակի սրմանը: Շատ դեպքերում ոստիկանությունը մարդկանց բերման էր ենթարկում գիշերով, ինչի հետևանքով ՄԻՊ գրասենյակը անցավ 24-ժամյա աշխատանքային ռեժիմի»,- նշեց ՄԻՊ-ը՝ հավելելով՝ որոշ ոստիկանների հետ իրենց շփումները հիմք են տվել կարծելու, որ ոստիկանության ծառայողները ակնհայտորեն չեն տիրապետում իրենց պարտականություններին:
«Ոստիկանության ակադեմիայի դասընթացներում, հավանաբար, պետք է սրան ուշադրություն դարձվի»,- ասաց նա:
Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակի թեժ գծին ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու դեպքերի վերաբերյալ: Բերման է ենթարկվել 500-ից ավելի մարդ:
Արման Թաթոյանը հիշեց՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում բռնության են ենթարկվել Անդրանիկ Ասլանյանը, Դավիթ Սանասարյանը և Վաղինակ Շուշանյանը, բացի այդ՝ ոստիկանության կողմից գործադրվել են հատուկ միջոցներ:
«Հարկ է նշել, որ այդ օրերին արդյունավետ չէր նաև դատախազական հսկողությունը: Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին, ապա զեկույցում հատուկ նշված է, որ վերջիններս ցուցարարներից կանխամտածված առանձնացվել են՝ որպես թիրախ: Բռնություններ լրագրողների նկատմամբ կիրառվել են ոստիկանների ներկայությամբ և թողտվությամբ՝ քաղաքացիական հագուստով անձանց կողմից»,- ասաց նա:
ՄԻՊ-ը հավաստիացրեց, որ ինքը որևէ կերպ կաշկանդված չէ՝ մատնանշելու մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչն ապացուցում է նաև այս զեկույցի ներկայացումը:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի զեկույցի ներկայացման ընթացքում սենյակ ներխուժած երիտասարդների քայլը՝ սեղանին փակցնել «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես օբյեկիվ և հետևողական եմ լինելու մինչև վերջ: Բացառվում է, որ ես կուսակցական շահեր պաշտպանեմ»,- ամփոփեց Արման Թաթոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան