Հայաստանում առաջին անգամ քնային երկու զարկերակի վիրահատություն է կատարվել
Հայաստանում առաջին անգամ կատարվել է քնային երկու զարկերակի վիրահատություն՝ ուղեղի կաթվածը կանխելու համար: Բացառիկ վիրահատությունը փրկել է 68-ամյա տղամարդու կյանքը: Նա արդեն լավ է, պարանոցի շրջանում վիրակարերն արդեն քանդված են, և պատրաստվում է դուրսգրման:
Վիրահատությունը կատարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանն՝ իր թիմի հետ: Ոչ միայն Հայաստանում է այս վիրահատությունը բացառիկ, այլև բժշկի պրակտիկայում:
68-ամյա Մինաս Նավասարդյանն արդեն մեկ անգամ ուղեղի կաթված էր ունեցել, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մի հիվանդություն, որի դեպքում կյանքի տևողությունը մեկ տարուց ավելի չէր կարող լինել. կամ հաջորդ ինսուլտն էր անխուսափելի, կամ այլ պատճառներով մահը: Հիվանդի վիճակը ծանր էր նաև այն պատճառով, որ Հայաստանում երբեք նման վիրահատություն չի արվել, իսկ վիրահատության ընթացքում էլ մահվան ռիսկը փոքր չէ:
Սակայն Մեսրոպ Շատախյանն իր թիմի հետ որոշեց վիրահատել հիվանդին:
«Հիմա նրա զարկերակային ճնշումը 200-ից հասել է 140-ի: Կարողանում է ոտքի վրա կանգնել, մինչդեռ վիրահատությունից առաջ ունեցած գլխապտույտի պատճառով չէր կարողանում կանգնած մնալ: Դուրս կգրվի ու եթե լսի բժշկին՝ ընդմիշտ կմոռանա ծխելու մասին»,- ասում է վիրաբույժը:
Մեսրոպ Շատախյանը նշում է, որ պարանոցային անոթների վիրահատությունների թիվն այս բաժանմունքում տարեկան հասնում է 100-ի, ինչը հանրապետության կտրվածքով շատ է, հատկապես, եթե հաշվի առնեն, որ այլ հիվանդանոցներում նման խնդիրներով վիրահատությունների մեծ մասը չի արվում: «Սակայն ընդհանուր բնակչության տեսակետից այս թիվը բավարար չէ, քանի որ ինսուլտի պատճառ հիմնականում դառնում են քնային զարկերակի հետ կապված խնդիրները : Այս վիրահատությունները հաճախ միակ հնարավորությունն են ոչ միայն խուսափելու կաթվածից, այլ կյանքը պահպանելու, դրա տևողությունն ու որակը լավացնելու առումով»,- ասաց վիրաբույժը: