«Բորուսիայի» ֆուտբոլիստներին ցանկացել են սպանել հանուն բորսայական գործարքների
Դորտմունդում ապրիլի 11-ին «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ մետաղյա դետալներով լցոնված երեք ռումբերը պայթեցվել են հանուն բորսայում ակցիաների գնի նվազեցման: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությանն են եկել Գերմանիայի քնչական մարմինները, ինչի արդյունքում նախօրեին ձերբակալվել է ռուսաստանցի Սերգեյ Վ.-ն:
28-ամյա էլեկտրատեխնիկը, ով գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բացի Ռուսաստանի քաղաքացիությունից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն, մեղադրվում է շահադիտական նպատակներով 20 հոգու սպանության փորձ կատարելու մեջ:
Գործակալության հաղորդմամբ՝ Գերմանիայի քրեական հանցագործությունների պատմության մեջ նման նախադեպ չի եղել: Արժեթղթերի կուրսի փոփոխման վրա ազդելու նպատակով զանազան փորձեր միշ էլ արվել են, սակայն սա առաջին դեպքն է, երբ հանուն բորսայական խաղի հանցագործը գիտակցաբար գնում է զանգվածային սպանության փորձի: Հանցագործի նպատակը եղել է «Բորուսիայի» ֆուտբոլիստներից հնարավորինս շատերին սպանելը կամ հաշմանդամ դարձնելը, ինչի արդյունքում կգօրծեր նախապես մշակված շեշտակի հարստանալու սխեման:
Այդ գործարքի էությունն այն է, որ խաղացողը խաղադրույք է կատարում ֆուտբոլային ակումբի փոխարժեքի կտրուկ անկման վրա, ինչը լայն տարածված և օրինական բորսայական գործարք է: Տրամաբանական է, որ այս դեպքում ֆուտբոլիստների մի մասի վնասումը կհանգեցներ ակումբի բաժնետոմսերի ակցիաների կտրուկ անկմանը, ինչի արդյունքում էլ համապատասխան խաղադրույք կատարողը մեծ գումարներ ձեռք կգցեր:
Հատկանշանակ է, որ Դորտմունդի «Բորուսիան» գերմանական միակ ֆուտբոլային ակումբն է, որի բաժնետոմսերն ազատ շրջանառվում են բորսաներում: