«Համահայկական նվագախումբը» կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը
Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» անդրանիկ ելույթը: Նախագիծը համախմբել է Հայաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող ու ստեղծագործող, դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ պրոֆեսիոնալ երաժիշտներին: Նախագծին մասնակցում են աշխարհի 20 երկրից շուրջ 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ: Համահայկական նվագախմբի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը և Դանիել Մելքոնյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղ. ղեկավար Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը: Նվագախմբում ներառվել են երաժիշտներ աշխարհի հայտնի նվագախմբերից՝ Մեծ թատրոն, Նուրենբուրգի սիմֆոնիկ, Չայկովսկու սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Վալենսիայի սիֆոնիկ, Տոկիոյի Իլլյումինարթ ֆիլհարմոնիկ, Դամասկոսի սիմֆոնիկ, La Monnaie սիմֆոնիկ և այլն:
Աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հայ երաժիշտներն ապրիլի 24-ին կատարելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ներառված են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից: Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի»:
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև Համահայկական նվագախմբի դիրիժորներից է, ասաց, որ Տիգրան Մանսուրյանը գրել է մեծ ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբով, երկու երգչախմբով, որպես մենակատար հանդես է գալու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Լիպարտ Ավետիսյանը:
«Այն հերոսական և կամքի կոչ անող ստեղծագործությունը է»,- նշեց Է. Թոփչյանը:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ ստեղծագործությունը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին. «Ստեղծագործությունը գրելու միտքը ծագել է Ստեփանակերտում, երբ մի խումբ արվեստագետներով մեկնել էինք Արցախ՝ հանդիպելու Հայաստանի նախագահի հետ: Այնտեղ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մաեստրո Մանսուրյանը գրի ստեղծագործություն հատուկ այս համերգի համար»:
Խոսելով Համահայկական նվագախմբի մասին՝ Բավարիայի պետական օպերային թատրոնի հյուր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժորներից Կարեն Դուրգարյանը շատ կարևորեց հայերից կազմված նվագախմբի հավաքումը Հայաստանում. «Ովքեր եկել են դրսից, շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Վստահ եմ, որ եթե այս պրոեկտը տարվա մեջ մի քանի անգամ հավաքվի, կունենանք համաշխարհային լավագույն նվագախմբերից մեկը, որը կազմված է աշխարհի տարբեր երկրներում ելույթ ունեցող հայ երաժիշտներից»:
Էդուարդ Թոփչյանի խոսքով, հավաքված երաժիշտներն իրար ճանաչում են, բայց գուցե երբեք իրար հետ չեն նվագել:
«Նվագախումբը մշտապես տևական աշխատանք է ուզում: Մենք երկու-երեք օրվա փորձերի արդյունքում բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք»,- նշեց նա:
Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, նվագախմբում հավաքված են աշխարհահռչակ երաժիշտներ, ովքեր ունեն բացառիկ համբավ, տաղանդ, ովքեր իրենց ապրած երկրում կարողանում են ստեղծել արվեստի բացառիկ կոթողներ:
«Բոլորն իրենց գենետիկ արյան կանչով հավաքվել են Հայաստանում՝ խնկարկելու մեր նախնիների հիշատակը: Սա չափազանց կարևոր է: Մեր գաղափարը հիմնականում վերաբերում է միասնականությանը՝ ցույց տալու աշխարհին, որ լինելով աշխարհասփյուռ, ցաք ու ցրիվ եղած, ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների ժառանգներ, կարող ենք միավորվել Հայաստանում և համախմբվածություն, միասնականություն ցույց տալ հատկապես արվեստի լեզվով»,- ասաց նա:
Տարբեր երկրներից եկած հայազգի երաժիշտների հիմնական մասը, բանախոսների ներկայացմամբ, գիտեն հայերեն, մի քանիսը՝ ոչ. չեն կարողանում խոսել, բայց հիմնականում հասկանում են:
Արմեն Ամիրյանն ասաց, որ նախատեսված են նաև նվագախմբի համերգներ աշխարհի հայաշատ գաղթօջախներում. «Առաջին ծիծեռնակներն արդեն երևում են»:
«Համահայկական նվագախումբ» նախագծի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը ներկայացրեց նվագախմբի տարբերանշանը՝ փյունիկ թռչունն է՝ Հ-աձև պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկը խորհրդանշում է դժվարագույն պատմական ուղի անցած ժողովրդի վերածնունդը:
«Մենք գնում ենք դեպի վերածնունդ: Այսօր մենք պետք է ունենանք առաջ գնալու, վերածննդի գաղափարը, դրա համար մեր տարբերանշանը ստեղծել ենք փյունիկով, որպեսզի բոլորս միասին մեր երաժշտությամբ, ապրելակերպով ունենանք մեծ վերածնդունդ»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երևանում
- Տիգրան Մանսուրյանն ապրիլյան պատերազմի հերոսների մասին ստեղծագործություն գրելու պատվեր է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան