Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
ՀՀԿ-ն իրեն մրցակից է համարում թե «Ելք» դաշինքին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Այս մասին այսօր Արաբկիր համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
«Մենք չենք թերագնահատում ոչ մեկին»,- նշեց քաղաքապետը:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե քաղաքապետի հարստության 90 տոկոսը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել, Տարոն Մարգարյանը նշեց, որ ինքն այդ մասին չի լսել. «Անկեղծ ասած՝ չեմ լսել: Ես տեղյակ չեմ, թե ով ինչ մեղադրանքներ է հնչեցնում: Ինչ վերաբերում է իմ կարողությանը, ապա 2000-ականներից սկսած հայտարարագրում նշել եմ իմ կարողությունների մասին: Թող վերցնեն ու ուսումնասիրեն»:
Հարցին, թե քաղաքապետն արդյոք այլ ուժերի նման պատրաստվում է ակտիվ քարոզությամբ զբաղվել, մասնավորապես, հեծանիվ քշել, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Հեծանիվ վարելն ակտիվ քարոզչությո՞ւն է, դա առողջ ապրելակերպ է: Ակտիվ քարոզչությունը հիմա է, որ ժողովրդի հետ շփվում ենք»:
Խոսելով քաղաքի խնդիրների մասին, քաղաքապետը նշեց, որ վերջին չորս տարվա ընթացքում երևանցիները տեսել են իր թիմի աշխատանքը, որն, ըստ նրա, օրուգիշեր աշխատել է: «Մենք չենք ասում, որ Երևանում խնդիրներ չկան, մեր ընդդիմախոսները տրանսպորտի կամ մի քանի խնդիրներից են խոսում, իսկ ես կարող եմ բազմաթիվ խնդիրներից խոսել, որոնց մասին իրենք չգիտեն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքերով՝ իրենք համարում են, որ այս տարիներին աշխատել են արդյունավետ, մաքսիմում կարողացել են իրենց ծրագիրն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ծրագրի իրականացումով Երևանը լինելու էր ամենազարգացած քաղաքը:
«Երևանը շնչում է և զարգանալու շատ տեղ ունի: Մեր հաջորդ՝ հինգ տարիների ծրագիրը ներկայացրել ենք հանրությանը, որն «Ավելի լավ Երևան»-ի շարունակությունն է: Միշտ անելիքներ լինելու են, կարևորը՝ քաղաքային իշխանությունը գոնե տեղյակ լինի այդ խնդիրների մասին, ինչպես նաև իմանա, թե ինչպես դրանք լուծեն»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ պետք չէ միայն վատը տեսնել. «Եկեք մի օր միայն լավը տեսնենք»:
Հարցին, թե Երևանի ավագանիում ընտրվելու դեպքում՝ չի կարծում, որ իրեն լուրջ փորձություն է իրեն սպասվում, հաշվի առնելով այն, որ այս անգամ քաղաքապետարանում կլինեն նաև ընդդիմադիր ուժերը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե համագործակցեն, օգտակար կլինեն մեր քաղաքին, ինչի համար մենք շնորհակալ կլինենք»:
Դիտարկմանը, թե իրեն դժվար օրեր են սպասվում, Տարոն Մարգարյանը արձագանքեց. «Ես այդպես չեմ կարծում: Աշխատող մարդու համար միշտ էլ դժվար օրեր են, բայց աշխատանքում մենք դժվարություններից չենք խուսափում»:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- Տարոն Մարգարյան. Լավ տրանսպորտ ունենալու համար պետք է խնդրենք մեր քաղաքացիներին մի քիչ համբերեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին