Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հատնում են, որ նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների ու ձգտումների մասին անմիջականորեն նրանց հետ շփումներից տեղեկանալու համար:
Ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ և կարևոր լսարան է ոչ միայն Եվրոպական միության անդամ երկրների և ԵՄ գործընկերների, այլև միջազգային հանրության համար, Սերժ Սարգսյանն այս համատեքստում մեծապես կարևորել է Եվրախորհրդարանում Ֆրանկ Էնգելի ղեկավարած Արցախի հետ բարեկամական խմբի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում Արցախի ժողովրդի արդարացի պայքարը նաև Եվրախորհրդարանում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը:
Հանրապետության Նախագահն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և առկա խնդիրների շուրջ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան