Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «Ազգ-բանակ» ռազմական ցուցահանդեսը, որտեղ ռազմակրթական ոլորտի առաջատար հաստատությունները ծանոթացնում են իրենց ծրագրերին և ուսումնական պայմաններին, իսկ առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի բազմաթիվ նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
Ցուցահանդեսում «Քվանտ» վարժարանը ներկայացրել է իր աշակերտների կողմից մշակված սարքավորումները:
Panorama.am-ի հետ զրույցում վարժարանի 11-րդ դասարանի սան Սերինե Նազարյանն ասաց, որ առաջին և կարևորագույն աշխատանքներից մեկը, որ դարձել է իրենց աշակերտների հետազոտական աշխատանքի առարկա և լուրջ սարքավորում իր հետագա բոլոր ուսումնասիրություններով՝ բարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիքների գեներատորն է. «Այն կարողանում է հակառակորդի կապի և զինուժի որոշ հատվածները շարքից հանել՝ գեներացնելով լայն դիապազոնի ալիքներ: Սա կարող է լայնորեն կիրառվել մարտական գործողությունների ընթացքում, ի վիճակի կլինի ամբողջությամբ կապից զրկել հակառակորդին»:
Մյուս սարքը հիրոսկոպն է, որը լայնորեն կիրառվում է ռազմական տեխնիկայի բոլոր տեսակներում:
«Այն, ինչ ներկրում ենք արտասահմանից, իրականում կարող ենք ստանալ Հայաստանում ավելի մատչելի գնով, շատ բարձր որակով: Եթե մեր աշակերտներն են ի վիճակի, ապա շատ հեռանկարային է մեր նախարարության համար»,- ասաց Սերինեն:
Երրորդ սարքավորումը խոչընդոտներ հաղթահարող ռոբոտն է, որը կարող է փակ տեղից դուրս գալ լաբիրինթոսի միջոցով:
«Կարող է տանկերում կիրառվել, զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնում է»,-ներկայացրեց «Քվանտ» վարժարանի աշակերտուհին:
Նա նշեց, որ ունեն նախագծեր, որոնց վրա դեռ աշխատում են, կատարելագործվում: Նրա խոսքով, պաշտպանության նախարարությունում տեղյակ են իրենց մշակումներին:
«Հույս ունենք հետագայում, երբ մեր աշակերտները կդառնան ուսանողներ, ռազմական արդյունաբերության մեջ կկարողանան իրենց ներդրումն ունենալ» ,- նշեց Սերինեն:
Ցուցահանդեսում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանդես է գալիս իր «Թումո բանակ» ծրագրով, որը կենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախագիծն է: Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասաց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս զինծառայողներին, ովքեր ծառայում են «Թումո» կենտրոններին մոտ զորամասերում, այս պահին Դիլիջանում և Ստեփանակերտում, ծառայության ընթացքում ուսանել Թումոյի կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակներում զինվորները հմտություններ են ձեռք բերում հետևյալ ոլորտներում՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում: Նախնական վարժանքները հաղթահարելուց հետո, Զ.Բուղադյանի խոսքով, զինվորները սկսում են դասընթացները:
«Այս պահին Դիլիջանի կենտրոնի դասընթացներին մասնակցում է 75 զինվոր: Համարում ենք փոքր թիվ, հույս ունենք, որ նախարարությունը կկազմակերպի ավելի շատ զինվորների մասնակցություն»,- նշեց Զ. Բուղաղյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում նախապատրաստական փուլն է ընթանում:
Նրա խոսքով, Թումոյի ծրագիրը նպաստում է երիտասարդների ներուժի բացահայտմանն ու ստեղծում նրանց մասնագիտական հմտություններ փոխանցելու և զարգացնելու հնարավորություն, աջակցում է զինծառայողներին ծառայության երկու տարիներին հետ չմնալ 21-րդ դարի տենդենցներից, հմտանալ դրանց մեջ:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի նաև վաղը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց մարդկանց մտածելակերպում. Ռազմական վարժարանի սան
- Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը
- Բագրատ Սրբազան. Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան