
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը:
ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում էին, որ ամեն տարի երթի մասնակիցների շարքերը համալրվում են, ինչը նշանակում է, որ այսօրվա հայ երիտասարդը պահանջատեր է, ոչ միայն գնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհով, այլ հստակ պահանջատիրական մղումներով:
«Հատուցման օրը, ժամը դեռ առջևում է»,- նշեցին ելույթ ունեցող երիտասարդ դաշնակցականները:
Երթի խորագիրը, ինչպես նախորդ տարիներին նույնն է՝ «Իմ անունն է պայքար և վախճանս հաղթանակ»:
Երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի դրոշը, այնուհետև մեկնարկեց ջահերով քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրներ փողոց-Կիևյան փողոց երթուղով կհասնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: