Ի՞նչ է մտածում Լևոն Արոնյանը շախմատ խաղալիս
Ապրիլի 15-ից 22-ը Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում տեղի ունեցավ «GRENKE Chess Classic 2017» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի խոշորագույն 8 շախմատիստներ:
Մրցաշարում փայլուն հաղթանակ տարավ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը, որի հաղթանակն ապահովված էր մինչ վերջին տուրը խաղալը։
Վերջին տուրում Լևոն Արոնյանը խաղաց աշխարհում 3-րդ ուժեղագույն շախմատիստ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ ու կիսեց միավորը՝ մոտ 5 ժամ տևած խաղից հետո։
Մրցաշարի ավարտից հետո Լևոն Արոնյանը Panorama-ի թղթակցի հետ կիսվել է մրցաշարի տպավորություններով։
«Շատ ուրախ եմ, լավ ստացվեց։ Սկզբում այդքան էլ լավ չխաղացի, բայց հետո հեշտացավ, հակառակորդներս ինձ օգնեցին հաղթել»,-ասաց Լևոն Արոնյանը։
Լևոն Արոնյանի խաղը Բադեն-Բադեն դիտելու էին եկել Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցները՝ իրենց «շախմատիստ» երեխաների հետ։
Հարցին, թե ինչ ուղերձ կհղի Լևոնը ողջ աշխարհում ու հենց դահլիճում գտնվող երեխաներին, նաև մեծահասակներին, ովքեր իրենով ու իր հաղթանակներով ոգևորվում են ու հպարտանում, ասաց․ «Բոլորս պետք է իմանանք, որ չպետք է հուսահատվենք, միշտ պետք է պայքարենք ու հաջողությունը կգա»։
Խաղի ընթացքում Լևոն Արոնյանը բավականին հաճախ է քայլում, շրջում դահլիճում։ Հարցրեցինք, արդյո՞ք լինում են պահեր, որ խաղի ժամանակ այլ բաների մասին է մտածում, Լևոնը պատասխանեց․ «Միշտ էլ ուրիշ բաների մասին ենք մտածում, երաժշտություն ունենք։ Հնարավոր չէ, եթե մի բանի վրա կենտրոնանաս, լավ չի լինի»։
Հարցին, թե ինչպիսի մրցաշարեր է նախընտրում խաղալ՝ կարճ, թե երկար, Արոնյանը պատասխանեց․ «Նախընտրում եմ այն մրցաշարերը, որոնք հաղթում եմ։ Կարճ մրցաշարերում խաղադրույքը բարձր է ու պահանջում է ավելի շատ կենտրոնացում։ Զարմանալիորեն, ավելի դժվար է խաղալ կարճ, քան երկար մրցաշարերում»։