Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» անդրանիկ ելույթը: Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի», որը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:
«Մի խումբ արվեստագետներով անցած տարվա աշնանը Արցախում էինք: Առավոտյան նախաճաշին նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց գրել ստեղծագործություն, որը պետք է ապրիլին հնչի, որն, անշուշտ, առնչություն ունենա թե ապրիլյան մեր իրադարձությունների հետ, թե ապրիլի 24-ին առհասարակ: Իսկույն համաձայնվեցի՝ բացարձակ դրան պատրաստ չլինելով»,- Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա «360 աստիճան» ծրագրի ժամանակ ասաց Տիգրան Մանսուրյանը՝ ներկայացնելով, թե ինչպես նման ստեղծագործություն գրելու գաղափարն առաջացավ:
Նրա խոսքով, հաջորդ առավոտյան, երբ արդեն վերադարձել են Արցախից, սկսել է գործը գրել. «Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են, չգիտես՝ ինչն է քո մեջ պատրաստ, առաջին հրահանգը որտեղից պետք է գա»:
Հարցին, թե հաղթանակը ի՞նչ տեղ ունի հայկական արվեստում, արդյո՞ք անկախության շրջանում հաղթական ստեղծագործություններ ստեղծվել են, մաեստրոն ասաց. «Սովետական իշխանության տարիներին այնքան ներբողեցինք մեր հաղթանակները, ամեն ինչից ցնծության մեջ էինք հայտնվում, որ այդ արտաքին փայլը, թատերական կեղծ ներշնչվածությունն այսօր այլևս իրեն սպառել է:
Այս հիմքը, որտեղ գոյանում է հերոսականը, լրիվ փոխվել է, հետևաբար դա կապված է ամբողջ համակարգի հետ, ելևէջները, ինտոնացիոն հիմքը, ռիթմերը չեն կարող նոր շերտեր չբացել իրենց միջից: Այս գործի մեջ ինձ նեշնչեց ազգագրական պարերում այդ ռիթմերը: Այս պարերից եթե մի փոքր բան բերես, միանգամից այդ թեմայի հետ ինքը կբացվի:
Մենք աշխատել ենք երիտասարդ բանաստեղծ Կարեն Անթաշյանի հետ, ով շատ լավ գիտի բանահյուսությունը, գրական բոլոր շերտերը: Մենք իրականություն ստեղծեցինք գեղարվեստական, որը բանահյուսության հետ է թաթախված՝ թե բանաստեղծական արվեստի և թե երաժշտական»:
Պատասխանելով հարցին, թե անցած տարի ապրիլի 2-ին, 3-ին, 4-ին որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում, Տիգրան Մանսուրյանն ասաց. «Անշուշտ, Երևանում էի: Բոլորով նույն զգացումի, տագնապի մեջ էինք: Կարծում եմ՝ այն չորս օրը, որը ապրեցինք մենք ազգովի մեկ գաղափարի, ծրագրի, հավատքի շուրջը, այլևս իրար ցավ պատճառելու հաճույքից մենք հրաժարվեցինք, դարձանք միակամ: Դա մեծագույն հաղթանակն էր: Դա մենք չենք մոռանալու: Գիտենք, որ եթե այսպիսի մի պահ հասունանա մեր դեմ, թշնամի գոյանա մեր դեմ, բոլոր հարցերը կնետվեն մի կողմ, ազգովի ոտքի ենք: Դա էր նախ և առաջ մեծագույն հաղթանակը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին