Ֆրանկ Էնգելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այստեղ լինելը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Ապրիլի 24-ը նշվում է որպես մարդկության դեմ ուղղված լայնամասշտաբ հանցագործության օր, որը մենք ուղղակիորեն անվանում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նման դեպքերը պետք է հիշվեն ամբողջ աշխարհում, հատկապես այն վայրերում, որտեղ տեսնում ենք ատելություն մեկը մյուսի նկատմամբ: Ահա այդ ընդհանուր ատելության հետևանքն է եղել ժամանակին Հայոց ցեղասպանությունը, հետագայում Հոլոքոստը, այնուհետև եզդիների և քրդերի կոտորածը և այդպես շարունակ: Սրանք այն դեպքերն են, որոնք երբևիցե, չպետք է կրկնվեն: 1915 թվականից հետո նման դեպքեր պատահել են շատ տեղերում և հիշել Հայոց ցեղասպանությունը նշանակում է հիշել ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ դարձած մարդկանց: Ինձ համար պետության պաշտոնական դիրքորոշումից առաջ կարևոր է մարդկանց վերաբերմունքը: Այն, որ գիտեն Ցեղասպանության մասին, նույնիսկ այն երկրներում, որտեղ չեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, կարևոր է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է եվրապատգամավորը: