Արցախում տեղի է ունեցել ջահերթ
Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում նախօրեին կազմակերպել էր ավանդական ջահերթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ջահերթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող:
Ճանապարհին ջահերթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները, ինչպես նաև դատապարտող պաստառներ են պարզել՝ «Հայ զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը», «Թուրքը մարդասպան է, ազերին՝ ոճրագործ» վերտառությամբ, և վանկարկել են՝ «ճանաչում», «հատուցում»:
Զանգակատուն-հուշակոթողի մոտ երթի մասնակիցների համար ցուցադրվել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող տեսանյութ, որից հետո ելույթով հանդես է եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Այսօր Սիդնեյում, Օտտավայում, Թեհրանում, Լոս-Անջելեսում և աշխարհի այլ քաղաքներում տեղի է ունենում ոգեկոչման արարողություն: Հայրենիքը կորցրածների սերունդներն այսօր պահանջատեր են: Ի տարբերություն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների՝ մենք ապրում ենք մեր հայրենիքում և 1991-92 թվականներին մենք կերտել ենք մեր պետականությունը՝ ի դեմս Արցախի և Հայաստանի Հանրապետությունների: Արցախյան պահանջատիրությունը փրկեց արևելահայությանը նոր Ցեղասպանությունից և 2016 թվականին մեր պետականությունը պահպանողները նորից իրենց կամքի ուժով, հերոսությամբ, անձնազոհությամբ կանխեցին մի նոր Ցեղասպանություն և ցույց տվեցին աշխարհին, որ այլևս չեն կարող հենց այնպես բնաջնջել հային, քանի որ այսօր ունենք և՛ պետականություն, և՛ բանակ: Մենք պահանջում ենք ճանաչում, հատուցում, արդարություն և մեր Հայրենիքը»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:
Ջահերթին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ուսանողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և Ստեփանակերտի բնակիչներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին