«Գաղթականություն» ցուցահանդեսը՝ ՀԱՊ-ում
Ազգային պատկերասրահում օրերս բացվել է «Գաղթականություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ ներկայացված են հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ, որոնք վկայություններ են` հիմնված սեփական հիշողությունների ու տպավորությունների վրա:
Հայերի կոտորածին, հայկական հոգևոր կենտրոնների ու մշակութային օջախների ավերմանն ու սրբապղծմանն անդրադարձած առաջին արվեստագետներից են աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (1817–1900) և ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը (1860–1921): Ինչպես հայտնի է, Վ. Սուրենյանցը բազմիցս անդրադարձել է այս թեմային իր մի շարք կտավներով, սակայն այս ցուցահանդեսում տեղ են գտել հայ գաղթականների պատկերները: 1915 թվականին նկարիչը շուրջ կես տարի ապրել է Էջմիածնում, տեսել Մեծ եղեռնից փրկված վանեցի գաղթականների թշվառ վիճակը, հիացել նրանց ազգային տարազներով:
Ներկայացված են նաև Հովսեփ Կարալյանի (1897-1981) և Գրիգոր Շարբաբչյանի (1884-1942) կտավները, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի դառն էջերը:
Էջմիածնում ապաստանած հայ գաղթականներին պատկերող բազմաթիվ երկերի հեղինակ է նաև Սարգիս Խաչատուրյանը (1886-1947): Մորն ու եղբորը կորցրած նկարիչը ստեղծել է հայ գաղթականներին նվիրված նկարաշար, որը ցուցադրվել է Թիֆլիսում, Երևանում և Կ. Պոլսում: Նրան անվանել են «հայ վշտի երգիչ»: Նույն շրջանում ստեղծված գրաֆիկական թերթերից ուշագրավ են Հակոբ Էքիզյանի (Յակով Էքիզլեր) (1873 - 1930) մատիտանկարները: Սփյուռքահայ արվեստագետներից շատերն են անդրադարձել թեմային` Արմիսը (Արմենակ Միսիրյան, 1901-1977), Ժիրայր Օրագյանը (1901-1962), Արշիլ Գորկի (1904-1948), Աշոտ Զորյանը (1905–1970), Լևոն Թութունջյանը (1906–1968), Գառզուն (1907–2000), Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013), Պոլ Կիրակոսյանը (1926–1993) և ուրիշներ:
Խորհրդահայ կերպարվեստում գաղափարական և քաղաքական անբարենպաստ պայմաններում Հայոց ցեղասպանության թեման լռության էր մատնվել: Միայն ձնհալի տարիներից հետո արգելված թեման աստիճանաբար տարածում գտավ: Դրա վառ օրինակներից են ցուցահանդեսում ներկայացված Էդվարդ Արծրունյանի (1929–2010) և Ալբերտ Պարսամյանի (1935–1995) կտավները: Հայոց ցեղասպանության և գաղթականության թեման այսօր էլ հուզում է արվեստագետներին` հիմք հանդիսանալով նորանոր ստեղծագործությունների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին