Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքալեզու «Alevinet» կայքին, գրում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն:
Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող թույլ տալ հիշատակի միջոցառում անցկացնել»: Այնուհետև հավաքվածները «Մի մոռացիր», «Թույլ մի տուր, որ մոռացվի», «Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ առերեսում չի եղել» գրություններով պաստառներ են ծածանել և ուղևորվել դեպի ԺԴԿ կուսակցության շենք, որտեղ էլ անցկացվել է միջոցառումը:
Ելույթ է ունեցել ԺԴԿ Շիշլի համայնքի կառույցի անդամ Մելիս Թաթանը, որը նշել է, որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել. «Նրանք, ովքեր թուրք և սուննի մահմեդական չեն եղել, կամ ատելության հողի վրա ոչնչացվել են, կամ աքսորվել»:
Ցեղասպանությունը շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանություններով, դրանց իրական պատասխանատուներին չդատելով և իրականությունը քողարկելով»:
Ելույթ է ունեցել նաև հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Նորայր Օլգարը: Նա նշել է, որ հայերից հետո ցեղասպանությունը շարունակվել է քրդաբնակ նահանգներում: Օլգարը պատմության հետ առերեսվելու կոչ է արել՝ նշելով. «Որպեսզի մարդիկ կրկին չտեղահանվեն, պետությանը կոչ ենք անում 102 տարի անց գոնե առերեսվել անցյալի իրողությանը: Առանց առերեսման չի լինի խաղաղություն: Ցեղասպանությունից տուժածներն ամեն տեղ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում