Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Պատրիարքարանում միջոցառման ժամանակ ընթերցված ուղերձում ասվում է.
«Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերը այս տարի էլ են հարգանքով հիշատակվում: Նրանց թոռներին իմ ցավակցություններն եմ հայտնում: Որպես տարածաշրջանի երկու հին ժողովուրդ՝ թուրքերն ու հայերը հազար տարի այս աշխարհագրության մեջ ուս ուսի են ապրել, կիսել համատեղ պատմությունն ու մշակույթը: Թե Օսմանյան կայսրությունում, և թե Թուրքիայի հանրապետության մոտ հարյուրամյա անցյալում հայ ժողովուրդը իր շատ արժեքավոր զավակներով իր նպաստն է ունեցել մեր երկրի զարգացման գործում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայերը որպես մեր երկրի ազատ ու հավասար քաղաքացիներ, երկրի սոցիալական, քաղաքական ու առևտրային կյանքում կարևոր դեր են ստանձնել: Դարեր շարունակ ուրախության և տխրության ժամանակ միասին երկու ժողովուրդների անցյալի վերքերի ամոքումն ու մարդկային կապերի ամրապնդումը բոլորիս համատեղ նպատակն է: Այդ ուղղությամբ վերջին 14 տարիներին մի շարք քայլեր ենք կատարել, պատմական բնույթի բարեփոխումներ կյանքի կոչել: Օսմանյան հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն ուղղված մեր աշխատանքները առաջիկայում ևս մեծացնելով շարունակելու ենք»:
Ուղերձում նշվել է, որ Թուրքիայի հայ համայնքի անվտանգությունը, խաղաղությունն ու երջանկությունը հատուկ կարևորություն է ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար. «Չենք կարող որևէ կերպ թույլ տալ անգամ մեկ հայ քաղաքացու օտարմանը, մեկուսացմանն ու իրեն երկրորդ դասի ներկայացուցիչ զգալուն: Կրկին հիշում եմ դարասկզբին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին: Աառաջին աշխարհամարտի բարդ պայմաններում կյանքը կորցրած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան