Չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացմանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերթն անցկացվել է
Մեկ տարվա ընդմիջումից հետո «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը ապրիլի 23-ին Թբիլիսիում ջահերով երթ է իրականացրել: aliq.ge-ն գրում է, որ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված ջահերով երթը սկսվել է Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Ջահերով, մոմերով, Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, ճանաչում, դատապարտում, հատուցում վանկարկելով` ցուցարարները պողոտայի մայթերով 15 րոպե տևողությամբ երթ են իրականացրել:
«Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի, այսօր մենք հենց այդ ճանաչմանը հասնելու նպատակով ենք կազմակերպել երթը»,- ասել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը:
Արդեն Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում ելույթներ են հնչել հայերեն և վրացերեն լեզուներով: Ցուցարարները կոչով դիմել են նաև Վրաստանի կառավարությանը. «Մի կողմ դնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը և ընդունել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը»:
Ջահերով երթի անվտանգությունն ապահովել են տասնյակ ոստիկաններ, ներկա են եղել նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ: Այս տարի ևս, Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառման անցկացումը կարող է խոչընդոտել երթևեկությանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երթին ներկա չեն եղել հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում տեղի է ունեցել ջահերթ
- Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին