Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենն իր մրցակից «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին որակել է թուլակամ մարդ, ով չգիտի, թե ինչպես կարելի է լուծել ահաբեկչության խնդիրը:
«Այսօր ամենակարևոր թեման ահաբեկչությունն է: Ամենամեղմ բանը, որ կարող եմ այդ թեմայով ասել, այն է, որ Մակրոնը թուլակամ է»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է նա:
Անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, որ ինքը մտադիր է երկու ամսից դառնալ հայրենասերների նախագահը, Մարին Լե Պենը հայտարարել է.
«Մակրոնը ոչ մի դեպքում հայրենասեր չէ: Նա հայրենասիրության նվազ նշաններ անգամ չի ցուցաբերել: Նա բացարձակ հիստերիկ է, եվրոպական ինտեգրացիայի արմատական կողմնակից, նա կողմ է արտահայտվել ամբողջովին բաց սահմաններին, նա հայտարարում է, որ ֆրանսիական մշակույթ գոյություն չունի: Չկա մի ոլորտ, որտեղ նա հայրենասիրության մի կաթիլ ցույց տա»:
Ավելի վաղ կին թեկնածուն իր մրցակցի մասին ասել էր. «Ոչինչ չենք հասկանում, թե ինչ է ասում կամ ինչ է ուզում, բայց հենց հասկանում ենք, անհանգստանում ենք»: Դրան ի պատասխան Մակրոնն արձագանքել էր. «Հասկանում եմ՝ ինչ է ասում իմ մրցակիցը, և պայքարում եմ դրա դեմ, քանի որ դա օբյեկտիվորեն անհանգստացնում է»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը
- Ֆրանսիայում այսօր լռության օր է