ԵՄ հանձնակատար. «Պետք է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները»
Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցին: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին միավորել ուժերը և հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հանձնակատարը նշել է, որ անդամ երկրների համաձայնության դեպքում Եվրահանձնաժողովը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել Բրյուսել-Անկարա հարաբերությունների վերակառուցմանը: Նա նաև ցանկություն է հայտնել այս հարցը քննարկել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ:
«Սեղանը ամբողջությամբ մաքրենք և տեսնենք, թե ապագայում ինչպես կարող ենք համագործակցել», -առաջարկել է Հահնը: Նա նշել է, որ առկա հարաբերություններն այլևս հնարավոր չէ շարունակել, ուստի անհրաժեշտ է գտնել մի նոր կառույց, որի շրջանակներում հնարավոր կլինի թուլացնել կողմերի միջև լարվածությունն ու զարգացնել համագործակցությունը: ԵՄ հանձնակատարը կարծիք է հայտնել, որ բացի Թուրքիայի եվրաինտեգրումից կարելի է մտածել նաև տնտեսական ոլորտում համագործակցության խորացման մասին:
Բրիտանական «Financial Times» թերթը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Սա առաջին անգամն է, որ Բրյուսելը Թուրքիայի հետ անդամակցույթան գործընթացի դադարեցմանն ու այն Մաքսային միության վերանայված պայմանագրով փոխարինելուն ուղղված քայլ է անում»:
Յոհաննես Հահնը անդրադարձել է նաև Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ նշելով, որ դրա արդյունքները մտահոգիչ են ու տանում են դեպի վտանգավոր հետընթաց:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան վերադարձավ մոնիտորինգի տակ
- ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիային մոնիտորինգի տակ ներառելու հարցը
- Էրդողանի ընտրած գիծը հեռացնում է Թուրքիան Եվրոպայից. Շավարշ Քոչարյան
- Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին պարտավորությունների չկատարման համար
- Էրդողանը՝ ԵԱՀԿ-ին. Նախ և առաջ ճանաչեք ձեր չափը