Տարոն Մարգարյան. Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Շենգավիթ համայնքում է:
Քաղաքացիներն ամենատարբեր հարցերն ու խնդիրներն էին ներկայացնում քաղաքապետի ուշադրությանը՝ մեկի պատն է ճաքել, մյուսի պատուհանի տակ է ջուրը կուտակվում, մյուսը խնդրում է զոհվածի հուշակոթող կանգնեցնել, վերելակներն են վատ աշխատում, տրանսպորտն էլ անմխիթար վիճակում է, նստարաններն են քիչ, մեկի բնակվարձն է տարիներով կուտակել, մյուսի բնակարանն էլ վերակառուցման կարիք ունի: Շատերն էլ առաջարկում են լուսանկարվել իրենց հետ:
Բնակիչներից մեկը Մարգարյանի ճանապարհը կտրեց՝ «Նաիրիտը իմ տունն է: Փրկենք Նաիրիտը» գրությամբ ցուցանակ ձեռքին:
«Պետությունը պարտք է բնակիչներին: Գիտեմ, որ ձեզանից կախված չէ, վերևներից է: Համատիրությանը պարտք ենք լինում, տոկոս են վերցնում, բա բնակիչներին տոկոս չի հասնո՞ւմ»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետը պատասխանում է, որ բնակֆոնդի կառավարման համակարգում փոփոխություններ են իրականացնելու, վերելակների վիճակն են բարելավելու:
«Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման: Վերելակը մեկ անգամ մենք կարող ենք փոխել, բայց երեք ամիս հետո նույն վիճակում է հայտնվելու, ո՞ւմ է պետք: Համատիրությունների աշխատանքի բոլորս էլ դժգոհ ենք, պետք է կարողանանք բնակֆոնդը պահպանել: Տրանսպորտի ոլորտում էլ բարեփոխումներ ենք անելու»,-Մարգարյանի խոսքը կիսատ մնաց, երբ մի աղջիկ երեխա յասաման նվիրեց նրան ու ներկայացրեց իր խնդիրը՝ մայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, ընկել է, ոտքը կոտրել է:
Երեխային ընդհատեց Մարգարյանը. «Իրեն կասես քաղաքապետն առողջություն է մաղթում»:
Մարգարյանին հիշեցրեցին նաև Կոմիտասի այգու վիճակի մասին, նա էլ արձագանքեց նախընտրական ծրագրով այգու բարեկարգում է նախատեսված:
Չարբախի բնակիչների հետ հանդիպմանը Տարոն Մարգարյանն իր ելույթում ընդգծեց, որ խնդիրները շատ են, սակայն դրանք կարելի է լուծել բնակիչների հետ համագործակցելով, պրոֆեսիոնալ թիմով, հետևողական աշխատանքով:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- Տարոն Մարգարյան. Լավ տրանսպորտ ունենալու համար պետք է խնդրենք մեր քաղաքացիներին մի քիչ համբերեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին