ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
ՍԴ-ում շարունակվում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Դաշինքի ներկայացուցիչների ելույթներից հետո պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մի քանի հարցով դիմեց դաշինքի ներկայացուցիչներին՝ ելնելով նրանց կողմից ելույթների ժամանակ հնչեցրած հայտարարություններից:
«Նշեք որևէ դեպք, երբ ծառայողական, պաշտոնական պարտականությունները կատարելիս իրականացվել է նախընտրական քարոզչություն»,- հարցրեց Տիգրան Մուկուչյանը:
Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը թվարկեց. «Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում հանրապետության ողջ տարածքով քարոզչության շրջանում՝ վարչապետ Կարեն Կարապետյան, նախարարներ Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Ամիրյան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան»:
Տիգրան Մուկուչյանը կրկնեց հարցը՝ ընդգծելով, որ նշեն որևէ կոնկրետ դեպք:
«Պետք է վերադառնամ իմ նախորդ ասածին՝ հաշվի առնելով, որ հասկանալի է ձեր հարցի ենթատեքստը, եթե նկատի ունեք աշխատանքային ժամին կամ այդ ժամից հետո քարոզի իրականացումը: Բայց այս հարցի պատասխանն այլ է: Պետք է այդ հարցը հնչեցնենք, որ պատասխանեմ»,- ասաց Տ. Եգորյանը:
ԿԸՀ նախագահը նաև հարցրեց. «Ձեր ելույթի ժամանակ խոսելով ընտրակեղծիքների մասին, մեջբերում էիք կայքերին, լրատվամիջոցներին, ասեկոսեներին: Դաշինքը, որին ներկայացնում եք, դիմում, հաղորդում ներկայացրե՞լ է իրավապահ մարմիններին»:
Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ ոչ:
Տիգրան Մուկուչյանը նաև հարցրեց, թե քվեարկության ողջ օրվա ընթացքում հետևել եք ընտրատեղամասերին՝ տեսախցիկների միջոցով, երբ հայտնաբերել եք խախտումներ ձեր կողմից հիշատակված ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտումների վերաբերյալ, ինչո՞ւ որպես դաշինք անձամբ կամ ձեր վստահված անձանց միջոցով որևէ դիմում չեք ներկայացրել տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Հարցին պատասխանեց դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա սկսեց խոսել ցուցամատը թափ տալով, Տիգրան Մուկուչյանը խնդրեց խոսել առանց մատը թափ տալու:
«Ինձ նկատողություն չանեք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիմելով Լ. Զուրաբյանին՝ ասաց, որ այդպես շարունակելու դեպքում ստիպված կզրկի նրան ձայնի իրավունքից:
Այնուհետև Լ. Զուրաբյանը պատասխանեց հարցին. «Ժամը յոթից տասնմեկն մեզ համար անհայտ պատճառներով ընդհանրապես չկար ինտերնետային հեռարձակում: Մեր ընտրատարածքային շտաբները հնարավորություն չեն ունեցել տեսնել, թե ինչ է կատարվում տեղամասերում: Կենտրոնական գրասենյակում այդ հնարավորությունը կար, մենք որոշեցինք ոչ թե ամեն դեպքի համար այդ տեղեկատվությունը հասցնել վստահված անձին կամ հանձնաժողովի անդամին, այլ հնարավորինս շատ դեպքեր արձանագրել»:
Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հարցը հետևյալին է վերաբերում. քվեարկության օրվա ընթացքում ֆիքսել եք, դրանից հետո ունեիք մեկ ամբողջ օր և գիշեր, այդ ընթացքում կարող էինք հասանելի դարձնել այդ տեղեկատվությունը վստահված անձանց և դիմումներ ներկայացնել: Ինչո՞ւ չեն դիմել»:
Լ. Զուրաբյանը նշեց. «Կենտրոնական ընտրական շտաբը որոշել էր, որ հնարավորինս շատ տեսագրություն նայի, ավելի շատ նյութ կուտակի ու ամբողջը ներկայացնի ԿԸՀ»:
ԿԸՀ նախագահի կողմից հնչեցին հարցեր, որոնք նաև պատասխաններ չստացան, կամ փաստաբան Տիգրան Եգորյանն ուղղակի ասում էր՝ «անիմաստ ենք համարում դրան պատասխանել»:
«Դուք տրված հարցին կարող եք պատասխանել կամ ոչ, բայց մեկնաբանել, խրատական դատողություններ անել դատարանի, անձի վերաբերյալ, հարգի չէ, եթե մենք էլ սկսենք գնահատականներ տալ, ճիշտ չի լինի: Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան