ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Այս գործով պատասխանող կողմն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխանողներն են դատախազության, ոստիկանության ներկայացուցիչները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնուն են ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը:
Իր ելույթում Լևոն Զուրաբյանն ասաց. «Այս պահին ես դեժավյուի զգացում ունեմ, հինգ տարի առաջ կրկին այս դահլիճում էին նույնաբովանդակ գործով: Ամբողջ Հանրապետությունն ունի այդ դեժավյուի զգացումը, քանի որ Հայաստանում անցկացվում են ընտրություններ, որոնք դառնում են ոչ թե ազատ կամարտահայության դրսևորում, այլ մերժման, իշխանության վերարտադարման միջոց: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, ընդդիմությունը դիմում է ՍԴ, ամեն անգամ ՍԴ-ն գտնում է, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա: Արդյունքում ժողովուրդն անընդհատ հիասաթափվում է ընտրական գործընթացներից»:
Լևոն Զուրաբյանի ելույթն ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ դաշինքը դիմել են ՍԴ գործի քննության համար, խորհրդարանի նիստ չէ, որ քաղաքական ելույթ ունենան կամ գնահատականներ տան ՍԴ-ին:
«Դատարանի որոշումը համարժեք է այն փաստարկներին, որոնք ներկայացվում են Սահմանադրական դատարան: Դուք փորձեք հիմնավորել այն փաստարկները, որոնք ներկայացրել եք ՍԴ, այդ հիմնավորման արդյունքում պետք է ապացուցեք, որ ԿԸՀ-ն կայացներ է այլ որոշում, որպեսզի կարողանանք քննել գործը»,- ասաց ՍԴ նախագահը:
ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ ինչի մասին խոսում է, վերաբերում է գործի էությանը: Խոսելով ընտրական գործընթացի մասին, նա նշեց, որ տեղի է ունեցել կազմակերպված զանգվածային կեղծարարություն, ազատ կամքի մերժում, քվեարկության գաղտնիության խախտում:
Լ. Զուրաբյանը նաև նշեց, որ քվեարկության թափանցիկության գլխավոր երաշխավոր տեսախցիկները մի քանի ժամ չեն աշխատել: Նա նաև խոսեց մանկապարտեզների, դպրոցների տնօրենների , «ՍԱՍ»-ի ձայնագրության մասին, նշեց, որևէ մեկը հաղորդում չի տալիս, որովհետև համատարած վախի մթնոլորտ է:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում ոչ թե ժողովրդավարական ընտրություն է, այլ ընտրողի պարտադրանք»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նաև միջնորդությամբ հանդես եկավ. «Դիմում ենք Սահմանադրական դատարանին ստեղծել հատուկ հանձնախումբ, ուսումնասիրելու 1500 տեսախցիկների արձանագրած տեսանյութերը»:
Կոնգրես-ՀԺԿ դաշինիք ներկայացուցիչը խոսեց նաև քվեարկության մասնակցության թվի մասին՝ նշելով, որ նման մասնակցություն երկու դեպքում կարող էր արձանագրվել՝ ընտրողներին հարկադրել են, որ մասնակցեն քվեարկությանը, «քերել-բերել են բոլոր ընտրողներին» կամ գործել է ուրիշի փոխարեն քվեարկելու տխրահռչակ մեխանիզմները:
«Մասնակցության թիվը չի տեղավորվում որևէ տրամաբանական, ժողովրդագրական հաշվարկների մեջ »,- հավելեց նա:
Իր ելույթի վերջում Լ. Զուրաբյանն ասաց. «Մենք այն քաղաքական ուժն եք, որ միշտ խոսել ենք այն մասին, որ անթույլատրելի է զինված ապստամբություն, տեռորիզմ, որոնք խարխլում են սահմանադրական, պետական կառույցները: Մենք շարունակում ենք մնալ այդ տեսակետին, բայց եթե այս համակարգային խախտումները, նման ընտրությունները շարունակվեն Հայաստանում, վստահ ենք, որ ոչ մեկի հորդորները չեն կարող կանգնեցնել ժողովրդին նման տիպի ակտերից, քանի որ չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն բարոյական աջակցություն է ցույց տալիս դպրոցի տնօրեններին
- Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննի ապրիլի 25-ին
- Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները. ՄԻՊ-ը ՍԱՍ-ի ժողովի մասին
- Ահարոնյանը՝ ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունները ոստիկանությանը վերագրելու լուրերի մասին
- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը ՍԴ-ում կպաշտպանեն Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը
- Կոնգրես-ՀԺԿ-ն Սահմանադրական դատարան հայց կներկայացնի վաղը
- Տնօրենները պահանջում են հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները. փաստաբան
- Կոնգրես-ՀԺԿ-ն ՍԴ դիմելու հայցն է պատրաստում. Վլադիմիր Կարապետյան