Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել
Երևանի տարբեր խանութներում ու սուպերմարկետներում ադրբեջանական խնձորների առկայության մասին ահազանգերից ու սոցցանցերում լուսանկարների հրապարակումից մի քանի օր անց էլ՝ այսօր Երևանի կենտրոնում՝ Սայաթ Նովա փողոցի խանութներից մեկում սպառողը կրկին ադրբեջանական խնձոր է լուսանկարել:
Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունն այս պահին ի պատասխան բազմաթիվ քննադատությունների, մեկնաբանությունների, պարզաբանման պահանջների պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել: Թե ինչ քայլեր է կատարալ ծառայությունը՝ ստուգելու մրգի անվտանգությունը, առայժմ պարզ չէ: Հասկանալի չէ, թե ինչպես է թշնամի երկրում աճեցված միրգը հայտնվել հայաստանյան շուկայում:
Մասնավորապես, օգտատերերը ադրբեջանական ծագման միրգը լուսանկարել են «Քարֆուր», «Զովք» (Շիրազի փողոցի (15 թաղամաս սուպերմարկետներում), Գ. Հասրաթյան ու Սայաթ Նովա փողոցներում գտնվող խանութներում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի ողջ պատասխանատուն ՍԱՊԾ-ն է: Ի դեպ, նա հիշեցրեց, որ օրենքով արգելված չէ թշնամի երկրից սննդամթերքի ներկրումը, սակայն այն պետք է խստագույնս ստուգվի:
«Սահմանային հսկողությունն իրականացվում է «Մեկ պատուհան» սկզբունքով: Սահմանի վրա ծառայությունն ու ՊԵԿ-ն ունեն աշխատակիցներ: Հետևաբար, սահմանով անցնող բեռը կամ նկատել են միասին, կամ չեն նկատել միասին: Եթե բեռը եկել է մաքսանենգ ճանապարհով, ապա այն պետք է ստուգվի իրացման ցանցում»,-ասաց ՀԿ նախագահն ու օրինակ բերեց, որ դեղատներում մաքսանենգ ճանապարհով հայտնված դեղամիջոցը հայտնաբերում է առողջապահության նախարարությունն ու հայտարարում դրա մասին:
Նրա համոզմամբ, եթե ադրբեջանական խնձորը եկել է ոչ մաքսանենգ ճանապարհով, ապա սահմանին այն պետք է ուսումնասիրվեր, հետազոտվեր ու լաբորատոր փորձաքննության ենթարկվեր:
«Եթե սահմանով չի եկել, ապա իրացման ցանցում հայտնված ապրանքի վաճառքը լիազոր մարմնի կողմից պետք է կասեցվի՝ որպես անհայտ ծագմամբ ու կասկածելի անվտանգություն ունեցող մթերք: Եթե սա չի արվել, մնացածն ընդամենը դատարկ հայտարարություններ են՝ սեփական անգործությունը թաքցնելու, խնդիրն այլ դաշտ տեղափոխելու փորձ»,-նման կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից ոմանք նշեցին, որ խնձորների վրայից հանվել են կպչուն պիտակները, որոնք վկայում էին դրանց ադրբեջանական լինելու մասին:
«Ծառայության անգործության հետևանքով իրավիճակն ավելի է վատանում, խառնաշփոթ է առաջանում: Թուրքական լոլիկի վերաբերյալ հրապարակումներից հետո տնտեսվարողները փոխում են արկղերը, որպեսզի ներկրված գյուղմթերքն իրացնեն որպես տեղական: Հիմա ավելի է դժվարացել հասկանալը, թե որտեղ է աճեցված այդ գյուղմթերքը»,-ասաց նա:
Պիպոյանը վստահ է, եթե լիազոր մարմինը թուրքական լոլիկի հայտնաբերման ուղղությամբ քայլեր ձեռնարկեր, ապա կնկատեր նաև ադրբեջանական խնձորները:
«Դա գալիս է վկայելու, որ ծառայությունն անգործություն է ցուցաբերել, նման ծառայություն ուղղակի չունենք: Ադրբեջանական խնձորները հայտնաբերել են սպառողները»,-ասաց Պիպոյանը, կասկած հայտնելով, ՍԱՊԾ-ի տարածած վերջին հաղորդագրության ճշմարիտ լինելու վերաբերյալ:
Լուսանկարները՝ ֆեյսբուքից:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ն արձագանքեց. Շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը
- Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն. Թուրքիայից լոլիկ չներկրվելու հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը
- Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան