Տոնավաճառի աշխատակիցները առաջարկությունների փաթեթն են ներկայացնում կառավարություն
Երևանում գործող տոնավաճառների առևտրականներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանց պահանջն անփոփոխ ՝ հարկային տեսուչները հանգիստ թողնեն, հարկային բեռը թեթևացնեն: Նրանք այսօր գործադիրի անդամներին ներկայացնելու համար բերել են խնդրի լուծման վերաբերյալ իրենց առաջարկների փաթեթը:
Ակցիան համակարգող խմբի ղեկավար Արմեն Ներսիսյանը լրագրողներին ասաց, որ ցանկանում են ակցիայի մասնակիցներից մի խումբ ձևավորել, որպեսզի փաթեթն անձամբ իրենք ներկայացնեն վարչապետին:
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պետությունը հասկանա, մեր վիճակը լավ չի: Մեր հարկերով է մեր երկիրն ապրում: Մեր ցանկությունն է հանգիստ ապրել: Առաջարկում ենք ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, վճարել հաստատագրված հարկ, աշխատակիցների համար վճարել կենսաթոշակային: Մենք չենք խուսափում հարկերից, մենք ասում ենք՝ միանգամից վճարենք, գնանք հանգիստ աշխատենք: Հարկը վճարողը մենք ենք, մեզ հետ օրենքը չեն քննարկում»,-ասաց նա:
Ներսիսյանի խոսքով, իրենց ապրանքը չի վաճառվում, նրա խոսքով, աշխատակիցների նկուղներում մոդայից դուրս եկած հագուստ է:
Այս պահին ակցիայի մասնակիցներից չորսը մտան կառավարության շենք՝ ներկայացնելու իրենց առաջարկները:
Հարակից հրապարակումներ`
- Տոնավաճառներում հարկային «տեռորը» շարունակվում է. «Ժամանակ»
- Հարկային մարմինները դուրս չեն գա տոնավաճառներից
- Տոնավաճառի աշխատակիցներ. Հրապարակից չենք հեռանա, քանի դեռ մեր խնդիրը չի լուծվել
- ՊԵԿ. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է