Արտաշես Մադոյան. Մեր սուսերամարտիկները բավականին ուժեղ խմբերում էին հայտնվել
Հայ սուսերամարտիկներն օրեր առաջ Բելառուսում մասնակցել են Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ Էմմա Պողոսովան (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) պարտվել էին լավագույն 32-ի համար պայքարում:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ առաջնությունը շատ ուժեղ էր եև բոլոր թիմերը ներկայացել էին մարտական կազմերով:
«Մեր մարզիկները շատ ուժեղ խմբերում էին հայտնվել: Մինչև Եվրոպայի առաջնությունը մյուս սուսերամարտիկները մասնակցել էին այդ տարիքային խմբի Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին, որտեղ միավորներ էին ձեռք բերել: Իսկ մերոնք` ոչ: Այդ պատճառով վիճակահանությունը նրանց ուժեղների դեմ էր դուրս բերել: Ամեն դեպքում մեր սուսերամարտիկների ելույթներից գոհ չեմ: Ավելին էի ակնկալում»,-ասել է նա:
Մադոյանի խոսքով, երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո մմարզիկները չէին հասցրել որևէ մրցաշարի մասնակցել կամ հավաք անցկացնել:
«Տեղում մարզումներից հետո միանգամից գնացինք Եվրոպայի առաջնություն: Դա էլ իր ազդեցությունն ունեցավ»,-ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Արտաշես Մադոյանը հայտնել է, որ այսօր` Եվրոպայի առաջնության վերջին օրը, ընդունող երկիրը դրոշը կփոխանցի Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին: 2018 թ. այդ տարիքային խմբի աշխարհամասի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան չմտավ լավագույն 32-ի մեջ
- Էմմա Պողոսովա. Ցանկանում եմ` Հայաստանի անունը սուսերամարտում միշտ հորիզոնում լինի
- Հայ սուսերամարտիկներն ավարտել են ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում
- Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը